Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Մինչև քարոզարշավի ավարտը Նիկոլ Փաշինյանը պետք է ձերբակալվի Քրեական օրենսգրքի 334 հոդվածով՝ հանցագործության պարտակում

Blog Image

Ով կարդացել է Գյոթեի հանճարեղ ստեղծագործությունը, ապա կհիշի այն տողերը, որով Մեֆիստոֆելը դիմում էր Ֆաուստին.

Միևնույնն է այն ես, ինչ կաս,
Թեկուզ գլխիդ կեղծամ դնես բազմագանգուռ,
Կամ հասակդ կրկնապատկես,
Դարձյալ կզգաս, որ նույնն ես դու, մի՛ տանջվիր զուր։


Նիկոլ Փաշինյանն այս տողերի լավագույն ապացույցն է։ Խմբագրից վերածվելով պատգամավորի, այնուհետև վարչապետի՝ նա, այնուամենայնիվ, այդպես էլ պետական գործիչ չդարձավ։ 8 տարին բավարար ժամանակ էր, որպեսզի մարդը սովորեր, որպեսզի յուրացներ այն հատկությունները, որոնք անհրաժեշտ են պետության ղեկավարին, բայց ցավալիորեն շանտաժն ու բանսարկությունը մնացին այն բնորոշ գծերը, որոնցով նա առաջնորդվել է մշտապես։ Եթե 2018 թվականին նրա կողմից արված որոշ արտահայություններ կարելի էր վերագրել որպես ընդդիմադիր գործչի կողմից իշխանության հասնելու գործիքակազմ, ապա արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արվող այդ նույն արտահայտությունները վկայում են, որ նրա պատկերացումները պետության մասին մնացել են նույնը։

2018 թվականին նա հայտարարում էր, որ «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա», այսօր ասում է՝ «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ կլինի պատերազմ, ինչի պարագայում կվտանգվի Հայաստանի Հանրապետության հետագա գոյությունը», այլ խոսքով ստացվում է. «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստան չի լինի»։ Նույնն են մնացել նաև սպառնալիքներն ու քաղաքական ընդդիմադիրներին պիտակավորող արտահայտությունները։ Սակայն եթե նախկինում նա վիրավորում ու սպառնում էր այս կամ այն գործչին, այսօր արդեն անցել է նրա երեխաներին։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ պետության ղեկավարին վայել չէ, մեկ այլ քաքաղական գորչի երեխային անվանել «լակոտ», ինչպես արեց Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի որդուն։ Եթե պետության ղեկավարն այլոց երեխաներին անվանում է լակոտ, ապա բոլորը իրավունք են ստանում լակոտ անվանել այդ խոսքերի հեղինակի երեխաներին։ Նիկոլ Փաշինյանն իր օրինակով փլուզում է հասարակության մեջ ձևավորված միջանձնային հարաբերությունները, սկզբունքները՝ չվիրավորել որևէ մարդու երեխայի, առավել ևս երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը։ Յուրաքանչյուր ընտրողի համար պետք է ակնհայտ լինի, որ այնպիսի ղեկավար, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, չունի ո՛չ կարմիր գիծ, ո՛չ ընտանիքի մասին ձևավորված պատկերացումներ, ո՛չ էլ ծնողական զգացմունքներ։ Ծնողական զգացմունքներ ունեցող ոչ մի ղեկավար լակոտ չի անվանի ոչ մի երիտասարդի՝ հաշվի առնելով նրա ծնողների զգացմունքները, եթե նույնիսկ այդ երիտասարդը մեղավոր է կամ կատարել է որևէ հանցանք։ Նման պարագայում կան իրավապահ մարմիններ, որոնք պարտավոր են զբաղվել օրենքը խախտած անձանցով, սակայն առանց վիրավորական արտահայտությունների, քանի որ Քրեական օրենսգրքում «լակոտ» բառը սահմանված չէ որպես պատժամիջոց։

Բայց անդրադառնանք մի այլ հանգամանքի, եթե Գագիկ Ծառուկյանի որդին խախտել է օրենքը, եթե նա, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, կրակոցներ է արձակել Երևանում, Առինջում, Կոտայքում կամ այլ որևէ վայրում, ապա ի՞նչու անհրաժեշտություն առաջացավ այդ թեմային անդրադառնալ հիմա՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Եթե նման բան է տեղի ունեցել, ապա այդ խնդրով պետք է զբաղվեն կամ զբաղվեին իրավապահները՝ առանց պետության ղեկավարի կողմից պահանջվող աղմուկ-աղաղակի։

Սակայն դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի լռությունը, իսկ այսօր այդ մասին ընտրողների հետ տարբեր հանդիպումների ժամանակ խոսելն ապացուցում է, որ չկա իրավական պետություն ձևավորելու ձգտում, չկա օրենքներով առաջնորդվելու ցանկություն։

Եթե Գագիկ Ծառուկյանի որդին կատարել է որևէ հանցանք, ու այդ մասին Նիկոլ Փաշինյանն իմացել է, սակայն լռել, որպեսզի օգտագործի տեղի ունեցածը քաղաքական նպատակներով, ապա պետք է դատվի Քրեական օրենսգրքի 334 հոդվածով, այն է՝ հանցագործության պարտակելը։

Կարեն Կարապետյան

Send