«Երբ որ մեզ հարվածում են, ծեծ են ուտելու», «իրենք պետք է մեզ հարվածեն, մենք ոչինչ չանե՞նք», «մեզ հարվածել են, ծեծ են կերել», «եթե մեզ հարվածում են, մենք կանգնենք նայե՞նք, աթոռով էլ, շշով էլ, ամեն ինչով էլ ծեծ են ուտելու»։
Նման արտահայտություններ լսողը հաստատ կմտածի, թե փողոցային ինչ-որ կռվարար խուժանի հետ գործ ունի կամ քրեական ենթամշակույթ կրող ինչ-որ խմբակի, որը միշտ թաթախվում է տարբեր ծեծկռտուքների, կռիվների ու քրեական պատմությունների մեջ։ Բայց շտապենք հիասթափեցնել մեր հանրությանը, քանի որ այս խոսքերի հեղինակն այն խմբակցության պատգամավորն է, որը միշտ բերանը ջուր է առնում, երբ Ադրբեջանից սադրիչ հայտարարություններ են հնչում իրենց ու իրենց պաշտպանության ներքո գտնվող հայ ժողովրդի հասցեին։ Էլ մարդասպան, ցեղասպան, եղեռնագործ, ֆաշիստ, վայրագ նվաճող, մանկասպան, մշակույթ գողացող, գերեզմաններ պղծող... ինչ մեղադրանքներ ասես 44-օրյա պատերազմից հետո չեն հնչել Հայաստանի վերաբերյալ ՔՊ-ի սիրելի ու կառուցողական հարևանների կողմից, որոնց հետ նրանք հիմա խաղաղություն են կառուցում։
Ավելին, ոչ միայն հայտարարություններ են հնչել, այլև, որ շատ ավելի անողոք է, գործուն քայլեր են արվել ու արվում հայկական ինքնությունը նվաստացնելու, վերացնելու, հային աշխարհի առաջ ստորացնելու և անհայրենիք ու մշակույթ, պատմություն, ազգային արժեքներ ու ավանդույթներ չունեցող քոչվոր ցեղ ներկայացնելու համար, որն իբր եկել ու նվաճել է պատմական Ադրբեջանի տարածքները։
Թվարկենք միայն մեր ռազմաքաղաքական վերնախավի ցմահ պատանդառությունը Բաքվի բանտերում, հայ ռազմագերիներին հանձնելու պատրաստակամության բացակայությունը, Հայաստանի դեմ բազմաթիվ դատական հայցերի ներկայացումը միջազգային դատարաններում՝ հայերիս բոլոր անմարդկային մեղքերի մեջ մեղադրանքներով, Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ու մեր ինքնության վկա հուշարձանների, հայկական գերեզմանների նկատմամբ վանդալիստական սպանդը, դրանց յուրացումն ու պատմության աղճատումը՝ հանդգնորեն ու լպիրշ ձևով, որին պետք է առնվազն կոշտ ու անհանդուրժողական պատասխան տալ պաշտոնական մակարդակով, գոնե զսպվածության ու բարոյականության սահմանները պահպանելու կոչ անել, եթե դու ունես պետական ու ազգային արժանապատվություն։
Չնայած այս իշխանությունները խրտնում են «ազգային» բառը լսելիս, բայց գոնե պետական արժանապատվություն պիտի՞ ունենան, այլապես անվերջ խոսում են պետություն ստեղծելու, ինչ-որ կեղծ չորրորդ հանրապետություն կառուցելու մասին, որը տարանջատված կլինի հայրենիքից։ Այդքան անարժանապատի՞վ է լինելու իրենց մոգոնած պետությունը, դա՞ է իրենց պատկերացրած մոդելը, և հենց այդ նպատակով էլ ուզում են հեռու անցյալում թողնել իր արժանապատվության, իր տարածքների ու հայրենի եզերքների պահպանման համար պայքարող Հայաստանը՝ Անկախության հռչակագրով, Հայ առաքելական սուրբ եկեղեցու առանձնահատուկ դերով հանդերձ։
Ժամանակն ապացուցել է, որ ներկա իշխանությունները բոլորովին զուրկ են գոնե պետական արժանապատվության հետ կապ ունեցող դրսևորումներից, ու դրա անունը դնում են խաղաղության կառուցման ուղղությամբ ճկուն դիվանագիտություն։ Այսինքն՝ նրանց համար ճկունը ստորացումները, անհիմն մեղադրանքները, զրպարտությունները, հոխորտանքները, վիրավորանքները կուլ տալն է, լռելը, մի այտին ապտակելու դեպքում քրիստոնեաբար մյուս այտը հրամցնելը, որպեսզի հանկարծ այդքան փխրուն ու նուրբ խաղաղությունը չխաթարվի։
Թեև ադրբեջանական կողմը պարբերաբար ցույց է տալիս, որ ինքը հենց այդ թվացյալ խաղաղության փուչիկը պայթեցնելուն է ավելի շատ միտված։ Իսկ այս իշխանությունները դողդողում են, որ հանկարծ մի կոշտ արտահայտություն չհնչի Ադրբեջանի ու նրա քաղաքական ղեկավարության հասցեին. նաև այդ պատճառով են պատժում Կաթողիկոսին, որը նման վախ չունի ադրբեջանական կողմից ու համարձակվում է արտաբերել «Արցախ» բառը և աղոթքներում հիշատակել այն։
Երեկ, սակայն, Ազգային ժողովի նիստին պարզվեց, որ այդ աղջիկներն ու տղաները չեն հանդուրժում իրենց նկատմամբ որևէ բռնություն՝ լինի ֆիզիկական, թե հոգեբանաբարոյական։ Նրանց ներկայացմամբ՝ իբր երեկ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ընդդիմությունը սադրեց, և իրենք էլ դեմ չեղան այդ սադրանքին տրվել՝ ուշադրությո՛ւն, ի տարբերություն ադրբեջանական սադրանքների։ Այսինքն՝ երբ սադրում է քո երբեմնի (ինչու չէ, նաև հիմիկվա, քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել) թշնամին, դու հաշտ ես դրա հետ, որովհետև քեզ պետք է թշնամու հետ խաղաղության մթնոլորտում շարունակել շփվել, և դրանից ակնկալիք ունես, բայց երբ քո հայրենակիցն է իբր թե սադրում (դա դեռ պետք է պարզել քննչական գործողություններով), այդ դեպքում առյուծ ես կտրում՝ ընդհուպ մինչև ԱԺ փոխնախագահի կողմից Տորք Անգեղի պես աթոռը գլխից վերև բարձրացնելու և պատգամավորների ուղղությամբ նետելու միջոցով. ոչինչ, որ այդտեղ նաև յուրային պատգամավորներ էին կանգնած։ Ստացվում է, որ մեր իշխանություններին հարկավոր չէ խաղաղություն սեփական երկրի խորհրդարանի ներսում հայրենակիցների հետ, որոնց ոչ վաղ անցյալում Ռուբինյանը կոչ էր անում բարեկրթության մթնոլորտում աշխատել։ Իսկ երեկ արդեն հայտարարում էր՝ դիմելով ընդդիմությանը. «Կպահե՞ք բարեկրթության կանոնները՝ կլինենք բարեկիրթ, չե՞ք պահի՝ կստանաք 10, 20, 30, 40, 60 անգամ ավելի, ու ստացաք»։
Իսկ նիստից հետո ճեպազրույցում ԱԺ փոխնախագահը, որը գիտակցաբար ԱԺ նիստերի դահլիճում տեղադրված աթոռը բարձրացրել ու նետել էր նաև իր խմբակցության պատգամավորների ուղղությամբ, հանրայնորեն բռնությունը խրախուսող հայտարարություն արեց՝ ասելով, թե «երբ որ ինչ-որ մեկը փորձ է անում մեր ելույթ ունեցող պատգամավորին հարվածել, բնականաբար, ստանալու է պատասխան՝ համարժեք, անհամարժեք։ Եթե կռիվ են սադրում, կռիվ են ստանում, հարվածում են՝ ստանում են կռիվ։ Բռնությանը բռնությամբ պատասխանելը տեղ-տեղ տրամաբանված է»։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ էլ իշխող խմբակցության ղեկավարը բռնությունը հովանավորող հայտարարություն արեց՝ ասելով, որ լիովին ողջունում է իր թիմի պատգամավորների վարքը, գործողությունները և աջակցում. աթոռով է, թե ինչով է՝ համարժեք է ու ճիշտ։
«Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է ԱԺ պատգամավորի վրա ձեռք բարձրացնել, այդ ձեռքը մենք կջարդենք ուղղակի, պետք լինի՝ աթոռով էլ կջարդենք»,- ասել է երկրի վարչապետը՝ փաստացի որպես բռնության հովանավոր հանդես գալով, քանի որ կապ չունի՝ ով է բռնություն գործադրողը և ինչ պայմաններում, եթե, իհարկե, սեփական կամ ուրիշի կյանքին սպառնացող վտանգի մասին չէ խոսքը։
Ցանկացած իրավական երկրում բռնության համարժեք պատասխանն իրավական ճանապարհն է, ոչ թե «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքը, այլապես Հայաստանն ինչո՞վ է տարբերվում անարխիկ համակարգով պետություններից։
Հիշո՞ւմ եք՝ Շաքիում ադրբեջանցի հանցագործի կողմից վիրավորված կնոջը Փաշինյանը հորդորում էր, որ նա չպետք է կտրուկ գործողությունների դիմեր ու նաև բանը հասցներ վիրավորումներին, այլ պետք է սպասեր ոստիկանների ժամանելուն։ Ուրեմն ինչո՞ւ Փաշինյանի նույն խորհրդով չեն առաջնորդվում իր պատգամավորները, ու դեռ արդյունքում էլ նա հայրականորեն շոյում է նրանց գլուխը։ Կարող էին չէ՞ ադրբեջանցիների հանդեպ նույն զսպվածությամբ ու հանդուրժողականությամբ սպասել ՊՊԾ աշխատակիցների դահլիճ մտնելուն և իրենց նշած հարվածողների նկատմամբ համարժեք գործողություններ իրականացնելուն։ Բա այդ ժամանակ որտե՞ղ էր հայ-ադրբեջանական հարաբերություններում դրսևորվող «խելամտությունը»․ չէ՞ որ իշխանավորները նաև երկրում խաղաղության պահպանմամբ պետք է շահագրգռված լինեն, հետևաբար՝ զիջող ու համբերող։
Պատկերացնո՞ւմ եք՝ Փաշինյանն այս տոնով խոսեր Ալիևի ու նրա վարչախմբի մասին, որոնք չափ ու սահման չեն ճանաչում հայերիս նկատմամբ իրենց հայտարարություններում և գործողություններում՝ հատելով բոլոր կարմիր գծերը։ Թե՞ ադրբեջանցիների հանդեպ ստիպողական հանդուրժողականության գերլարված նյարդը հայերի վրա են պարպում։
Թագուհի Ասլանյան

Русский