Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Թող մեր մանուկները ճանաչեն նրանց որպես կենդանի օրինակներ՝ սիրո, հավատարմության և հայրենասիրության»․ Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Blog Image

Այսօր՝ Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրը և Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։

Խաչքարը, որի պատրաստման հովանավորն է Տիար Սահակ Դանոյանը, նվիրված է 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին։ Նրանց անունները հավերժացված են խաչքարին.

Հարություն Թիլիքյան

Վազգեն Հովհաննիսյան

Զոհրաբ Հովհաննիսյան

Հովսեփ Հովհաննիսյան

Օծման արարողությունից հետո Սրբազան Հայրը, դիմելով ներկաներին, մասնավորապես նշեց.

«Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում վեր խոյացող այս խաչքարը սիրո հնչեղ վկայություն է։ Խաչքարի վրա արձանագրված է մեր Տիրոջ խոսքը, որ մեր նահատակները թարգմանել են իրենց կյանքով. «Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ․ ԺԵ 13)։ Նրանք զոհաբերվելով՝ իրենց կյանքը վերածեցին վկայության, հաղթական կյանքի վկայության։ Խաչի խորհուրդը հենց սա է՝ սիրո բարձրագույն արտահայտությունն ինքնազոհության մեջ է։ Եվ այսօր մենք այստեղ ենք ոչ միայն հիշելու նրանց մահը, այլև վկայելու նրանց կյանքի մասին։ Նրանք մեզ թողեցին ոչ միայն հիշատակ, այլև պարտք՝ ապրել այնպես, որ նրանց զոհաբերությունը պտուղ տա մեր պետության և հասարակության կյանքում։

Նրանց անունները պարզապես թվի մեջ ամփոփվող անուններ չեն։ Ամեն անուն մի ամբողջ մարդկային աշխարհ է, գենետիկ հիշողություն է, կոչում է, սխրանք է։ Հետևաբար, թող այստեղից հնչեն նրանց անունները, թող պատմվեն նրանց պատմությունները, թող մեր մանուկները ճանաչեն նրանց ոչ թե որպես արձանագրված անուններ, այլ որպես կենդանի օրինակներ՝ սիրո, հավատարմության և հայրենասիրության։ Գուցե մի օր կարողանանք նրանց հերոսական պատմությունները մեկտեղել մի ժողովածուի մեջ՝ որպես մեր սերունդներին հանձնված վկայարան»։

Խաչքարի բացման առիթով շնորհակալության խոսք հղեց Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Թորոսյանը, ապա ներկաներին ողջունեց Մասիս համայնքի ղեկավար Տիար Նորայր Հակոբյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին նահատակված հերոսների ծնողներն ու հարազատները, Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական Տիար Դավիթ Համբարձումյանը, Մասյացոտնի թեմի տարբեր համայնքներից ժամանած հոգևորականներ և բազմաթիվ ուխտավորներ։ 

Send