«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով արված սոցիոլոգիական հարցման տվյալները չեն հրապարակվել: Խնդիրն այն է, որ այդ հարցման արդյունքում արձանագրվել է փաշինյանական իշխանության վարկանիշի խայտառակ վիճակ: Շատերն են նկատել, որ, ընդհանրապես, վերջին շրջանում իրենք՝ իշխանություններն էլ են խուսափում ինչ-որ հարցումային տվյալներ հրապարակելուց:
Բայց մեկ էլ հանկարծ երեկ փաշինյանական իշխանության ներկայացուցիչներն սկսեցին ինտենսիվ շրջանառել «տեղեկություն», թե առաջիկայում հրապարակվելու են հարցման թվեր, որոնք ցույց են տալու, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունն ուղղակի «ուշագնաց է լինում» Փաշինյանի համար: Ակնհայտ է, որ այդ պահվածքի հետապնդած խնդիրն առաջիկայում զանազան հորինովի, այսպես ասած՝ սարքած, պրոիշխանական «հարցումների» տվյալներ տարածելը, դրանք տիրաժավորելն է: Դրա առաջին ու հիմնական նպատակը ակնհայտ է. հուսահատություն սերմանել հասարակության մեջ, ստիպել, որ մարդիկ մոլորության մեջ ընկնեն, կարծեն, թե «մեկ է, ամեն ինչ որոշված է , կանխորոշված է, սրանք ընտրվելու են...» ու նման բաներ:
Այնինչ, մեր տեղեկություններով, իրականում պատկերը բացարձակապես հակառակն է: Ավելին, հասարակության տրամադրությունների իրական պատկերը տրամագծորեն հակառակն է: Եվ ոչ մի կերպ Փաշինյանն ու ՔՊ-ն վարկանիշ չունեն: Ավելին, նրանք իրականում անգամ 30 տոկոսի շեմին չեն կարող մոտենալ ընտրություններում: Նույնիսկ վարչական ռեսուրսով չեն կարող:
Եվ, ահա, ստիպված են «հարցումներ» սարքել, թվեր «կրակել»:
Մեր ունեցած տեղեկություններով, և՛ ընդդիմադիր ուժերը, և՛ պետական համապատասխան ծառայությունները, և՛ սոցիոլոգիական տարբեր կազմակերպություններ տարբեր հարցումներ են արել, և պատկերն իշխանությունների համար միանգամայն տխուր է: Ու, ամենայն հավանականությամբ, դրա հետ է կապված, որ հատկապես վերջին օրերին քպականներն ինտ
ենսիվ ու ագրեսիվ հարձակվում են հիմնական ընդդիմադիր ուժերի վրա, քնից արթնանում են՝ ընդդիմադիր լիդերների անունները շուրթերին: Երևի երազներում էլ են տեսնում նրանց:
«Հրապարակ» թերթը գրում է.
Օրերս սկանդալային դեպք է արձանագրվել «Արթիկ» ՔԿՀ-ում։ Հսկիչների սենյակում հայտնաբերվել են լսողական սարքեր՝ «ժուչոկներ»։ Հսկիչները դրանք փոխանցել են օրվա հերթապահ պատասխանատուին՝ Վարդան Բալոյանին, պահանջելով այս մասին զեկուցել ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանին։ Ըստ շրջանառվող լուրերի, դրանք տեղադրել են օպերատիվ աշխատողները, որոնցից մեկն այս պահին արձակուրդում է: Իսկ արձակուրդի ժամանակ քրեակատարողական հիմնարկ մուտք գործել հնարավոր է միայն օպերատիվ բաժնի ղեկավարի թույլտվությամբ։
Սարքերը, ըստ էության, տեղադրվել են, որպեսզի գաղտնալսեն, թե ինչ են խոսում հսկիչները, ում հետ են շփվում եւ այլն։ Հսկիչների շրջանում սա վրդովմունքի ալիք է բարձրացրել՝ պահանջել են, որ մեղավորները պատժվեն։ Մեզ ասացին, որ ծառայողական քննություն է սկսվել, ըստ գործող օրենքի` միայն դատարանի որոշմամբ է թույլատրվում գաղտնալսել, ուստի հսկիչները սպասում են, որ օրենքը խախտած օպերները պատասխանատվության ենթարկվեն: Միջադեպի մասին տեղեկացրել են նաեւ դատախազությանը:

Русский