Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծ պահք. այսօր միջինք է

Blog Image

Այսօր միջինք է.

 

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքի օրվանից սկսած` մինչև Ղազարոսի հարության տոնը Խաղաղական ժամերգության «Ի Քէն հայցեմք» շարականից հետո երգվում են «Ստեղի»՝ ծանր, հանդիսավոր ձայնեղանակով շարականների հատվածներ, որոնք ընտրված են ըստ օրվա ձայնի և յուրաքանչյուր ձայնի հանդիպող հաջորդ օրվա հետ ավելանում են ևս մեկ տնով` հավուր պատշաճի:

«Բարեպաշտական առումով Միջինքը որոշակի ինքնահաշվետվության օր է պահքի անցած ժամանակը գնահատելու և այն առանց թուլացնելու շարունակելու վճիռն ամրապնդելու համար: Ուստի և այս օրը յուրահատուկ հոգեբանական դադարի պահ է, վերաիմաստավորելու անցած աղոթական պահեցողության ճանապարհը և շտկելու բացթողումները»,- նշվում է Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցու էջում։ 

Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի դրամը, այդ տարի հաջողություն կունենա:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից մեկնարկել է է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

 

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։

Send