Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Երկրպագուներն ընտրել են իրենց հերոսին. Սպերցյանն արձագանքել է հերթական հեղինակավոր մրցանակին

Blog Image

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը երկրպագուների քվեարկության արդյունքներով ճանաչվել է ռուսական ակումբի 2025/2026 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական տելեգրամյան ալիքը։

Քվեարկության արդյունքում Սպերցյանը հավաքել է ձայների 35,26%-ը՝ արդեն երրորդ անգամ արժանանալով այս պատվավոր կոչմանը։ Լավագույն եռյակում են հայտնվել նաև հարձակվող Ջոն Կորդոբան (27,04%) և դարպասապահ Ստանիսլավ Ագկացևը (15,70%):

Անձնական մրցանակին արժանանալուց հետո հայ ֆուտբոլիստը տելեգրամյան իր ալիքում շնորհակալություն է հայտնել ակումբի երկրպագուներին․

«Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին՝ աջակցության և վստահության համար»,- գրել է Սպերցյանը։
Ավարտված մրցաշրջանում Էդուարդը փայլուն վիճակագրություն է գրանցել՝ դառնալով 14 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Այս ցուցանիշով նա դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի բացարձակ առաջատարը՝ «գոլ+փոխանցում» համակարգով։

Հիշեցնենք, որ 2025/2026 մրցաշրջանում «Կրասնոդարը» ՌՊԼ-ում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ 30 խաղում վաստակելով 66 միավոր և առաջին տեղը զիջելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» (68 միավոր)։ Բացի այդ, թիմը հասավ մինչև Ռուսաստանի Գավաթի Սուպերեզրափակիչ, որտեղ հիմնական ժամանակում 1։1 հաշվով ոչ-ոքի խաղալուց հետո, հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում (3:4) ցավալի պարտություն կրեց Մոսկվայի «Սպարտակից»։

Armsport

Send