Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Վահան Գ․-ի վարած «Toyota Alphard» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Գեղամ Պ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնություն են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և քննիչի Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Русский