Ինչպես արդեն հայտնել ենք՝ փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ Քննչական Կոմիտեից MediaHub-ին տեղեկացրին, որ Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
«Մասնավորապես՝ կատարված նախաքննությամբ պարզվել է հրազենի գործադրմամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մեկ անձի սպանություն, ինչպես նաև նույն եղանակով 7 անձանց նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (7 դրվագ), 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով»,- նշում են ՔԿ-ից։
Բացի այդ, քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում անհատականացվել են զինված միջադեպի մասնակից մի շարք անձինք: 11 անձի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
«Արմենիա» ԲԿ տեղափոխված յոթ անձանցից մեկը մահացել է, նրանցից 6-ին վիրահատվել են։
Իսկ ի՞նչ վիճակում են հիմա վիրավորները․ MediaHub-ը փորձեց ճշտել հիվանդանոցի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանից։
«Հինգ հոգի այստեղ են, բոլորը բաժանմունքներում են, որևէ մեկը ռեանիմացիայում չի, բուժման ընթացքում են, բոլորի վիճակը միջին ծանրության է կամ նույնիսկ բավարարին մոտ»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Կուրղինյանը։
Նշենք, որ MediaHub-ը գրել էր, որ 1 անձ արդեն դուրս է գրվել հիվանանդանոցից։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ժամը 16։00-ի սահմաններում կրակոցներ էին հնչել Երևանի Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցում։ Միջադեպի հետևանքով յոթ վիրավոր հոսպիտալացվել էր Երևանի տարբեր ԲԿ-ներ: Վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է: Նշվում է, որ ևս երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, երեքինը՝ ծանր։
Մարիաննա Արամյան

Русский