«Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Գյումրիի Վարդանանց հրապարակում իրականացվում է «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը»,- այդ մասին գրում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Համերգին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կառավարության անդամներ, հյուրեր։
Համերգին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել են ներկաներին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վարդանանց հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին ջերմ ընդունելության համար: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախ շնորհակալություն է հայտնել նվագախմբին և երաժիշտներին, ապա դիմել հանդիսատեսին՝ երախտագիտություն հայտնելով թե՛ Երևանում, թե՛ Գյումրիում ֆրանսիական պատվիրակությանն արժանացրած ընդունելության համար:
Համերգային ծրագրում հնչել են հայկական և ֆրանսիական թեմատիկ ստեղծագործություններ՝ հայ և ֆրանսիացի անվանի արտիստների կատարմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Նախագծի իրականացումը նպատակ ուներ նպաստելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերի ամրապնդմանը և համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի միջազգային ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը»,-ասվում է լուրում։

Русский