Սուրբ Հարության հրաշափառ տոնի ուրախությունն այսօր Մասյացոտնի թեմում համախմբել էր հոգևոր դասին։ Ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ թեմի քահանայից դասն այցելեց առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին՝ շնորհավորելու Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ։
Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը կատարվեց թեմի առաջին տնօրհնեքը, որին ներկա էին նաև եկեղեցու կառուցման բարերար Մուրադյան ընտանիքը։
Հանդիպումն առանձնակի խորհուրդ ուներ. ընդառաջ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին՝ հանդիպմանը մասնակցում էին նաև թեմի եկեղեցիների երգչախմբերի անդամները։ Կարևորելով կնոջ դերն ու առաքելությունը եկեղեցական կյանքում և անդրադառնալով Սուրբ Հարության ու Ավետման տոների խորախորհուրդ կապին՝ Հայր Սուրբը, ներկաներին դիմելով, ասաց.
«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Ավետման պահին դեռատի Մարիամը, ողջ մարդկության անունից, իր ազատ ու խոնարհ «այո»-ն ասաց Աստծո փրկագործ տնօրինությանը, որով Աստծո Որդին մարդացավ, Կյանքը մտավ աշխարհ։ Իսկ Զատկի առավոտյան այդ նույն Կյանքը՝ խաչով անցած, հաղթանակեց մահվանը՝ բացելով հավիտենական կյանքի ուղին։
Դատարկ գերեզմանի մեջ հարության ավետիսը տրվեց յուղաբեր կանանց՝ որպես գնահատանք մինչև խաչափայտ Տիրոջը հավատարմության՝ արժանանալով առաջինը լսելու՝ «Հարություն առավ, այստեղ չէ» (Մրկ․ ԺԶ 6)։ Այսպիսով կանայք դարձան ոչ միայն դատարկ գերեզմանի վկաները, այլև հարության ավետիսը առաքյալներին փոխանցողը, մի տեսակ առաքյալներ՝ ուղարկված Հիսուսի առաքյալների մոտ։
Հարությունը նոր ծնունդ է՝ «կույս գերեզմանից», ինչպես երգում ենք շարականի մեջ, իսկ կյանքը, ծնունդը, պտղաբերությունը նախևառաջ առնչվում է կնոջը։ Չմոռանանք, որ մեր ամենքիս նախամոր, մեզ հայտնի առաջին կնոջ՝ Եվայի անունը նշանակում է հենց «Կյանք»։ Նոր Եվայով՝ Մարիամով, այդ անունն իր ճշմարիտ ու փրկարար լրումը գտավ։
Ամեն կիրակի՝ Սուրբ Պատարագի սրբազան երգեցողությամբ դուք աստվածային «լեզվով»՝ հոգևոր երաժտությամբ ու երգեցողությամբ փափկացնում և ընկալունակ եք դարձում հավատացյալների հոգու անդաստանները, որպեսզի Աստծո խոսքի սերմերն ընկնեն պարարտ հողի մեջ և պտղաբերեն։
Երկու մեծագույն՝ Սուրբ Զատկի և Ավետման տոներից ճառագող լույսը և պատգամը թող նորովի իմաստավորեն ձեր կյանքն ու կոչումը՝ լինելու կյանքի կրողները, հավատի պահապանները և Աստվածամոր հավատարիմ հետևորդները։
Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։

Русский