Մենք պայքարում ենք բոլոր քաղբանտարկյալների համար, հիմա, ցավոք, Հայաստանում աննախադեպ քանակի՝ քաղաքական հայացքներով պայմանավորված բանտարկյալներ կան, այսպիսի իրավիճակ երբեւիցե, կարծում եմ, չի եղել։ Նման հայտարարություն է արել «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով իր կուսակից ընկեր, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի կալանավորմանը՝ Վանեցյանն ասել է, որ նրա պաշտպանությամբ իրավաբանական մասով զբաղվում է փաստաբանական խումբը, ընդ որում, նրանց գնահատմամբ, ընդհանրապես հիմք չկա քրեական հետապնդման ենթարկելու եւ ազատությունից զրկելու համար։
«Մնացած քաղաքական ակցիաները, քաղաքական պրոցեսները հանրության աչքի առջեւ են։ Ինչ խոսք, մեր պայքարը ոչ միայն Խաչիկ Գալստյանի ազատության, այլեւ առհասարակ բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար է։ Եվ չի կարելի տարանջատել՝ մարդը կուսակցության անդամ է կամ առհասարակ կուսակցական չէ, ուղղակի մարդ է, որ ունի տարբերվող հայացքներ այս իշխանությունների հայացքներից եւ դրա պատճառով հետապնդվում է»,- նշել է նա։
Արթուր Վանեցյանի դիտարկմամբ՝ իշխանությունը չի էլ թաքցնում, բացահայտ ասում է՝ ով իրեն լավ չպահի, կտանի, կլցնեի, իր բառերով ասած՝ «ԿԳԲ-ի պադվալները»։
«Բայց դա մեզ չի վախեցնում, եւ վստահ եմ, որ որեւէ մեկին չի վախեցնում։ Հայաստանում մարդուն ազատությունից զրկելով այլևս չես կարող վախեցնել, դարձել է սովորական: Եվ մարդիկ պատրաստ են իրենց գաղափարների համար, իրենց պայքարի համար նաեւ զրկվել ազատությունից»,- վստահեցրել է Արթուր Վանեցյանը։
Միևնույն ժամանակ, «Հայրենիք» կուսակցության ղեկավարը նշել է, որ այս կալանքների ֆոնին կա վտանգ, որ ընդդիմադիր թեւի հիմնական ուժերը կպակասեն՝ նախընտրական պայքարի կազմակերպչական փուլում։
«Օրինակ, Խաչիկ Գալստյանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ դուք հասկանում եք, որ հատկապես էս նախընտրական փուլում ինչքան մեծ ծավալի աշխատանք էր կատարում, եւ նրան այս համակարգից հանելը, անգամ 1 կամ 2 ամսով, իրականում բավականին բարդացնում է մեր կուսակցական աշխատանքները, ընդ որում՝ թե՛ գաղափարական, թե՛ կազմակերպչական առումներով։ Բայց էլի եմ կրկնում՝ մենք պատրաստ ենք դրան, վստահ եմ, որ Խաչիկն էլ է պատրաստ, մնացածն էլ, ով այսօր անազատության մեջ է, պատրաստ են, ու ինչքան էլ գործը բարդանա, որեւէ խնդիր չեմ տեսնում։ Օրը գալու է, բոլորը պատասխան են տալու թե՛ օրենքի առջեւ, թե՛ իրենց խղճի առջեւ, նրանք չեն կարող խուսափել այս ամենի համար պատասխանատվությունից»,- ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավարը։

Русский