Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը վերահաստատել է, որ արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, շարունակում են համարվել թագավորական ընտանիքի չաշխատող անդամներ՝ Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո։ Այս մասին հայտնում է Associated Press-ը
Թագավորի անունից բարձրաստիճան պետական պաշտոնյաներին ուղարկված նամակում նշվում է, որ Հարին և Մեգանը շարունակելու են չօգտագործել իրենց թագավորական տիտղոսները պաշտոնական գործառույթների շրջանակում, ինչպես դա անում են 2020 թվականից՝ թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո։ Նրանց կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն էլ կկատարվի մասնավոր կարգավիճակով։
Նամակը բրիտանական կառավարության և զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներին ուղարկել է Լորդ Չեմբերլենը՝ թագավորական պալատի ամենաբարձրաստիճան պաշտոնյան։ Նշվում է, որ տեղեկությունը տարածվել է թագավորի հանձնարարությամբ՝ հնարավոր կասկածներից և թյուրիմացություններից խուսափելու համար։
Associated Press-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը փաստացի չի փոխում Հարիի և Մեգանի կարգավիճակը, սակայն դրա հրապարակումը ցույց է տալիս, որ Բուքինգհեմյան պալատը ցանկանում է հստակ սահմանազատել զույգի գործունեությունը թագավորական ընտանիքի պաշտոնական պարտականություններից։
Առանձին հարց է մնում զույգի անվտանգության ապահովումը։ Հարիի շուրջօրյա ոստիկանական պաշտպանության հնարավոր վերականգնման վերաբերյալ որոշումը պետք է կայացնի բրիտանական կառավարության համապատասխան հանձնաժողովը՝ RAVEC-ը։

Русский