Հայաստանի վարչական դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ «Արցախի Հանրապետության» սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Այս որոշմամբ Արցախի Հանրապետությունը փաստացի զրկվել է Երևանի կենտրոնում գտնվող ներկայացուցչության շենքի սեփականության իրավունքից։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսին Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի գրության հիման վրա դատախազությունը ուսումնասիրություն էր սկսել և դատարան դիմել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով վերացնել Արցախի ներկայացուցչության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Խոսքը վերաբերում է 1222 քմ մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող շինություններին, որոնք գրանցված էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անվամբ։
Թե դատարանը կոնկրետ ինչ իրավական հիմնավորմամբ է կայացրել այս որոշումը և ինչ հնարավորություններ կան բողոքարկման փուլում, MediaHub-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքս Հակոբյանի հետ։ «Բնականաբար, դատական որևէ հիմնավորում չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև սա քաղաքական որոշում է, և այսօր իրավական համակարգը միանշանակ կատարում է Նիկոլ Փաշինյանի հրահանգը։ Այստեղ ուրիշ տարբերակ չկա։ Իրավական որևէ հիմք կամ փաստ գոյություն չունի։ Բացի այդ, խոսքը դիվանագիտական նշանակություն ունեցող շենքի մասին է, որը տարբեր ժամանակահատվածներում, տարբեր իշխանությունների օրոք, այդ թվում՝ այս իշխանության ժամանակ, համապատասխան փաստաթղթերով այդ կարգավիճակով է ներկայացվել։ Հետևաբար, այստեղ որևէ իրավական հիմքի մասին խոսել չենք կարող։ Սա ընդամենը հերթական զավթումն է այս իշխանությունների կողմից և հերթական հանձնումը»,- ասել է Հակոբյանը։
Անդրադառնալով բողոքարկման հնարավորություններին՝ պատգամավորը նշել է, որ մեծ ակնկալիքներ չունեն, սակայն պատրաստվում են օգտագործել բոլոր իրավական մեխանիզմները։
«Բնականաբար, կա գիտակցում, որ արդարադատության մասին խոսել դժվար է, որովհետև համակարգը կառավարվում է այս իշխանության ղեկավարի կողմից։ Բայց, ամեն դեպքում, պետք է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, և փաստաբանները, բնականաբար, դիմելու են բողոքարկման»,- եզրափակել է նա։
Ալիտա Եղիազարյան

Русский