Մոսկվան, Պեկինը և այլ գործընկերներ օգնում են ապահովել Իրան-ԱՄՆ բանակցությունների համար քաղաքական միջավայր, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մենք լիակատար կապի մեջ ենք իրանցիների և բոլորի, այդ թվում՝ մեր չինացի գործընկերների հետ, և աշխատում ենք համապատասխան քաղաքական միջավայր ապահովելու ուղղությամբ», - ասել է դիվանագետը Իրան-ԱՄՆ բանակցությունների մասին։
Նրա խոսքով՝ «ուշադրությունը հիմա կենտրոնացած է այն բանակցությունների վրա, որոնք Իրանը վարում է իր գործընկերների հետ, այն աշխատանքի վրա, որը Իրանը անուղղակիորեն՝ հիմնականում արաբ միջնորդների միջոցով, կատարում է ամերիկացիների հետ»։
«Կարծում եմ՝ այս աշխատանքը կշարունակվի», - նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Ռյաբկովը նշել է, որ BRICS-ը կարող է և պետք է համերաշխություն հայտնի Իրանի հարցում։ «Դա արդեն արվել է։ Եվ վստահ եմ, որ հարցը հետագայում կքննարկվի», - ասել է նա։ «Եթե մենք կարողանանք նյութական օգնություն ցուցաբերել այս ոլորտում, դա կլինի BRICS-ի կողմից նշանակալի ներդրում։ Բայց կրկին, ոչ թե համաբրիքսյան ներդրում, այլ անհատական ներդրում», - հայտարարել է փոխնախարարը։
Փետրվարի 6-ին Մասկատում տեղի ունեցավ Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլ։

Русский