Ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը շարունակում է մնալ վերջին օրերի հայ և ադրբեջանցի փորձագետների, վերլուծաբանների ու սոցիալական ցանցերի օգտատերերի ամենաքննարկվող թեմաներից մեկը՝ Շաքիում տեղի ունեցած միջադեպից հետո։
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ Հայաստանում իշխանամերձ շրջանակների ներկայացուցիչներ և որոշ վերլուծաբաններ փորձում են արդարացումներ գտնել Մուսաևի գործողությունների համար՝ հասարակության մի մեծ հատված շարունակում է պնդել, որ զինված միջադեպի մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողը պետք է պատասխանատվության ենթարկվի և պատիժը կրի Հայաստանում։
«Մուսաևին պետք է ցմահ դատապարտել Հայաստանում, որպես ահաբեկիչ, իսկ եթե փորձեն հանձնեն Ադրբեջանին ու հաջորդ օրը Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն չլինի Փաշինյանի հրաժարականի պահանջով, ուրեմն հայը վերջնական կորցրել է իր հայ տեսակը»,- գրում է օգտատերերից մեկը։
ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանը, դատապարտելով Շաքիի դեպքը, MediaHub-ի հետ զրույցում ասաց՝ կա՛մ դատապարտել Հայաստանում, կա՛մ փոխանակել Բաքվում պահվող հայ գերիների հետ։
«Սահմանն ապօրինի հատած, հայ կնոջ ուղղությամբ կրակած և երեխաներին ահաբեկած ադրբեջանցի զինծառայողը պետք է իր պատիժը կրի Հայաստանում։ Եթե, այնուամենայնիվ, իշխանությունը որոշի նրան վերադարձնել Ադրբեջան՝ «խաղաղության դարաշրջանի» համատեքստում, ապա այդ վերադարձը, իմ համոզմամբ, կարող է քննարկվել միայն մեկ պայմանով՝ Բաքվում ապօրինի պահվող մեր հայրենակիցների վերադարձի դիմաց։ Խաղաղությունը չի կարող կառուցվել միակողմանի զիջումների հաշվին։ Սա է մեր պահանջը»,- ասաց վաստակավոր արտիստը։

Русский