Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ պատիժ կկրի Նիկոլ Փաշինյանը ատելnւթյան, խտրականnւթյան խոսքի, բռնnւթյան քարոզի համար

Blog Image

Երեկվա հատկապես արցախցիների (իր ձևակերպմամբ՝ արցախցի քաղաքական էլիտայի) հասցեին հնչեցրած բռնության, անհանդուրժողականության, ատելության ու խտրականության կոչերից, վիրավորանքներից ու սպառնալիքներից հետո էլ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հանգստացել ու բացասական լիցքերը չի պարպել։

Այսօր առավոտյան էլ նա անդրադարձել է այդ թեմային և արցախցիներին մեղադրել Հայաստանում ներքին բախումներ հրահրելու և Հայաստանը արտաքին բախումների մեջ ներքաշելու մեջ։ Չի շրջանցել նաև օրերս տարածված հայտնի տեսանյութի դիմակավորված, ավտոմատներով զինված ու Արցախի բարբառով խոսող տղամարդկանց, որոնց նա «փսլնքոտներ» է անվանում։

Փաշինյանին հունից հանում է այն, որ ընդդիմությունը նշում է՝ արցախյան վերջին պատերազմում զոհվածների թիվը 5000-ի է հասնում։ Դրա համար նա անգամ սպառնացել է հաշվեհարդար տեսնել Ռոբերտ Քոչարյանից, եթե նա չհիմնավորի զոհերի իր նշած թիվը։ Հիստերիայի նոպայից հետո հանգիստ իր համակիրների ու թիմակիցների հետ հյուրասիրության սեղանի շուրջ նստելու և հանգիստ իր հացը վայելելու դրվագները լուրջ կասկածներ են հարուցում, որ Փաշինյանի զայրույթը և արցախցիներին թիրախավորելը նախապես լավ մտածված ու բեմադրված շոու էր, և ամենևին նրա մոտ նյարդ չի առաջացրել, այլապես ինչպե՞ս կարող էր այդքանից հետո սթրեսային վիճակում գտնվող մարդը դեռ հավեսով հաց ուտելու տրամադրություն ունենալ։

Եվ ավելի խորքային հետևություններ անելով՝ կարող ենք եզրահանգման գալ, որ անգամ դիմակավորված տղամարդկանց տեսաուղերձն է ֆեյք, ինչպես հիմա ընդունված է որակավորել միտումնավոր սարքած և մանիպուլյացիոն բնույթ կրող տեղեկատվությունը։ Թե չէ փաշինյանահպատակ ուժայինների համար, որոնք անգամ ենթադրյալ զինված հեղաշրջման փորձերն են կանխում, այդքան դժվա՞ր էր հաշված ժամերի ընթացքում հայտնաբերել դիմակավորներին և պատասխանատվության ենթարկել։

Համենայն դեպս, Փաշինյանի երեկվա վարքագիծը նման հետևության տեղիք է տալիս՝ ստեղծել առիթ Արցախի փրկված ռազմաքաղաքական վերնախավին թիրախավորելու և նրանց հանդեպ ատելություն սերմանելու նպատակով՝ նրանց նաև որպես ահաբեկիչներ ներկայացնելով։ Ուրիշ ինչպե՞ս կարող է նա դեռ Արցախի ինքնորոշման, Արցախն ազատագրելու, արցախցիների վերադարձի իրավունքների մասին ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային հարթակներում բարձրաձայնող արցախցիներին լռեցնել մեկընդմիշտ։

Երևում է ՝միջազգային կառույցներից զգուշացումներ ստացող Ալիևը նորից հոխորտացել է Հայաստանի իր կամակատարի վրա՝ սպառնալով փաշինյանականների բնորոշմամբ՝ այդքան փխրուն, նորածին խաղաղությունը չեղարկել, քանի դեռ Հայաստանում «ռևանշիստական» հայտարարություններ են հնչում։ Որից հետո Փաշինյանը լծվել է իր բերած «խաղաղությունը» պաշտպանելու գործին։ Հենց դրա համար էլ հարկավոր է վախի մթնոլորտ ստեղծել արցախցիների շրջանում և ստիպել նրանց լռել ու հրաժարվել ընդհանրապես արցախյան թեմայից ու դրա միջազգային բարձրաձայնումից։ Չմոռանանք, որ նաև Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ հատկապես խաչակրաց արշավանքը նոր թափ ստացավ այն բանից հետո, երբ Վեհափառ հայրապետը Շվեյցարիայում բացեիբաց համարձակվել էր խոսել արցախցիների վերադարձի, Արցախը բռնի տեղահանելու և արցախցիների իրավունքների պաշտպանության մասին։

Երևում է այդ թեման սարսափելի ցավոտ է Փաշինյանի համար, որից հետո նրա մոտ կատաղության նոպաներ են սկսվում։ Արդյո՞ք դա պայմանավորված է Հայաստանի ինքնիշխանությունն ու խաղաղությունը վտանգված համարելու գործոնով։ Դեռ կա՞ն այդպիսի միամիտներ, որոնց կարծիքով նրա այդ վարքագծի պատճառը չափազանց մեծ հայրենասիրությունն ու հայասիրությունն է։ Հային սիրողը չէր կարող տարանջատել հայաստանցուն և արցախցուն ու չէր կարող հանրայնորեն բղավել, թե ցանկանում էր պատերազմից փրկված ու ողջ մնացած արցախցիներին, Արցախի փրկված ռազմաքաղաքական վերնախավին էլ մահացած տեսնել։

Եթե մի մասն այս պահին պատանդառված է Բաքվում, ապա մյուսներին էլ Փաշինյանը երազում է զոհված տեսնել։ Երևի թե Փաշինյանի կարծիքով՝ քիչ տղաների արյուն է թափել պատերազմում։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանի վախերը հենց Ադրբեջանի առաջնորդի հետ են կապված։ Ի վերջո, նաև Ալիևի աջակցությամբ է, որ Փաշինյանը դեռևս շարունակում է Հայաստանի ղեկին մնալ։ Մի չնչին ցանկության դեպքում Ալիևը կարող է լրջորեն խաթարել Փաշինյանի հեղինակությունը և Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու լուրջ հիմքեր ստեղծել։ Իսկ այսպես նա մեծահոգաբար թույլ է տալիս, որ Փաշինյանը որպես իր հաղթաթուղթ ներկայացնի թվացյալ խաղաղությունը և դրանով կերակրի իրեն ընտրողներին։

Հրադադարի անգամ թեթևակի խախտումը անմիջապես կցրի այդ խաղաղության միֆը, ու Փաշինյանի գահը երերուն կդառնա։ Հետևաբար իր իշխանությունը պահելու համար վարչապետին մնում է ենթարկվել Ալիևի պահանջներին և հիմա էլ զբաղվել արցախցիների հալածանքով և ակնհայտորեն նրանց հանդեպ ատելություն ու խտրական վերաբերմունք քարոզելով։

Ի դեպ, հենց այդպիսի մեղադրանքներով էր դատարանի դահլիճում հանկարծամահ եղած Արմեն Գրիգորյանի դեմ գործ հարուցվել և դատական գործընթաց սկսվել։ Այնինչ, Փաշինյանն այսօր հանգիստ շարունակում է իր քարոզարշավը՝ առանց իր խոսքերի ու կոչերի համար գոնե թե բարոյական պատասխանատվություն կրելու։ Իսկ իրավապահ համակարգը հավասարաչափ մեղսակից է, քանի որ կոծկում է նրա հանցանքը։

Թագուհի Ասլանյան

Send