Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայաստանը չի խուսափի Իրանի դեմ հրահրած պատերազմից

Blog Image

Իրանի դեմ փետրվարի 28-ից սկսված, ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն օրենցօր ավելի մեծ ծավալների են հասնում՝ սպառնալով նաև տարածաշրջանային անվտանգությանը: Երկկողմանի ռմբակողծություններն արդեն պատերազմական գործողությունների մեջ են ներքաշել մահմեդական այն երկրներին, որոնցում տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները: Եվ այդ առումով լուրջ մտահոգություններ կան՝ արդյոք ռազմական գործողությունների արձագանքը չի հասնի նաև Հայաստան, որն անմիջապես սահմանակից է Իրանին: 

MediaHub-ի հետ զրույցում  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով այդ մտահոգությանը, ասաց, որ մեր տարածաշրջանում ցանկացած իրադրության պայմաններում մեր երկրի համար ուղղակի և անուղղակի ռիսկեր են առկա: 

«Իրանը ոչ միայն հարևան, այլ նաև բարեկամ երկիր է, որի հետ Հայաստանն ունի բավականին սերտ կապեր՝ սկսած քաղաքական, տնտեսական, հոգևոր, մշակութային հարաբերություններից: Չեմ խոսում այն մասին, որ Իրանում բավականին ազդեցիկ հայկական համայնք կա, հայկական մշակութային, հոգևոր, պատմական հուշարձաններ, վանքեր, վանական համալիրներ, որոնք ապահովում են հայկական համայնքի կյանքը: Այս տեսանկյունից մեր իշխանությունների անելիքները բավականին շատ են՝ ապահովելու համայնքի բնակչության, հայկական պատմամշակութային արժեքների անվտանգությունը: Դժվար է կանխատեսել, թե ռազմական գործողություններն ինչ ծավալի կհասնեն, որքան կտևեն, քանի որ դրանից է կախված դրա քաղաքական, տնտեսական, միգրացիոն ազդեցությունների կառավարումը:  Իհարկե, կան գործընթացներ, որոնք մեր կամքից անկախ են, անկառավարելի են մեզ համար, սակայն կան ռիսկեր, որոնք կարելի է վերահսկել ու կանխել: Այս տեսանկյունից դժվար է գնահատել, թե ՀՀ իշխանություններն ինչ քայլեր են ձեռնարկում այս պահին: Իրենց կառավարման տարիներին այս իշխանություններն այդ առումով առանձնապես աչքի չեն ընկել ոչ կոմպետենտության, ոչ քաղաքական կամքի, վճռականության տեսանկյունից: Ուստի ՀՀ կառավարությունից առանձնապես սպասելիք չկա, որ այս կամ այն իրավիճակը սթափ կգնահատեն ու նպատակային քայլեր կիրականացնեն: Միայն այն հանգամանքը, որ Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունների առաջին օրը Հայաստանի իշխանությունները զբաղված էին քարոզչական զբոսանքներով՝ հանրության համար բավականին զվարճալի տեսարաններով և Անվտանգության խորհրդի նիստն էլ գումարվեց միայն հաջորդ օրը, երբ հանրային ու քաղաքական մեծ ճնշում եղավ, ցույց է տալիս կառավարության սնանկությունը երկիրը ճիշտ կառավարելու հարցերում»,- նկատեց Աբրահամյանը։

Պատգամավորն ասաց, որ Իրանում ռազմական զարգացումները լրջորեն կազդեն նաև Հայաստանի տնտեսական կյանքի վրա, քանի որ այդ պետության հետ մենք ոչ միայն երկկողմանի տնտեսական առևտրաշրջանառություն ունենք, այլ նաև Իրանի տարածքով է ապահովվում երրորդ երկրներից Հայաստան եկող և գնացող ապրանքների տեղափոխումը: Ուստի ճանապարհների փակմամբ լոգիստիկ լուրջ խնդիրներ կառաջանան մեզ համար, ինչն էլ բացասական ազդեցություն կթողնի տնտեսության վրա.

«Իրանի դեմ այս լայնածավալ հարձակումը կանխատեսելի էր, նորմալ պետություններում այլընտրանքային ուղիներ կամ սցենարներ էին մշակում այդ կանխատեսումներն իրականանալու դեպքում ֆորսմաժորային իրավիճակները հաղթահարելու համար:  Բայց Հայաստանը ոչինչ չձեռնարկեց»: 

Ռազմական գործողությունների տևական լինելու դեպքում մեր տնտեսության համար այդ ազդեցությունն անխուսափելի կլինի:

Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ Հայաստանը պլատֆորմ կդառնա արդյոք Իրանին հարվածելու համար, քանի որ վերջերս Իրանի իշխանությունները նման մտահոգություն էին հայտնել «ԹՐԻՓ»-ի հետ կապված: Ճիշտ է, Հայաստանի իշխանությունները հավաստիացրել էին, թե նման բան թույլ չեն տա, բայց արդյոք այդ խոստումը նման չէ Ադրբեջանի կողմից Իրանի դեմ 12-օրյա պատերազմի ժամանակ հնչեցրած հայտարարություններին՝ ԱՄՆ-ին հարվածելու հարթակ չտրամադրելու մասին: Այնինչ, Իրանը հստակ ապացույցներ էր ձեռք բերել, որ Ադրբեջանը գաղտնի համագործակցել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ և իր տարածքից ԱԹՍ-ների ճանապարհ է ապահովել դեպի Իրան:

Տիգրան Աբրահամյանը Հայաստանի իշխանությունների հարցում նման վստահություն չունի, որ նրանք ևս չեն գնա այդպիսի արկածախնդրության. «Հայաստանի իշխանություններն իրենց կառավարման տարիներին դրսևորել են արկածախնդրություն, ինչը մեզ տարել է դեպի պատերազմ. մարդկային, տարածքային կորուստներ ենք ունեցել, հետևաբար անկանխատեսելի է, թե նրանք որ դեպքում ինչպես կգործեն: Համենայն դեպս Հայաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ ստորադասել են հայկական շահը, ազդեցիկ պետությունների ճնշման, թելադրանքի դեպքում գործել հայական շահի դեմ»

44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանն Արցախը օկուպացրեց, Իրանը պաշտոնապես շնորհավորեց Արդբեջանին տարածքային ամբողջականությունը վերականգնելու համատեքստում: Այս առումով հայաստանյան որոշ շրջանակներում Իրանի դեմ դժգոհություն է դրսևորվում և նույնիսկ եթե պլատֆորմ դառնալու կոչեր չեն հնչում, ապա Իրանի հանդեպ չեզոքություն պահպանելը խելամիտ որոշում է դիտարկվում: Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ հիմա պետք չէ կենտրոնանալ այդ հանգամանքի վրա, քանի որ հայկական շահը պահանջում է շարունակել Իրանի հետ բարեկամական հարաբերությունները. առանց Իրանի հետ համագործակցության հնարավոր չէ հոգ տանել հայկական համայնքի մասին, տնտեսությունը կայուն պահել. 

«Իրանի հետ կապված ցանկացած գնահատական հնչեցնելիս պետք է հաշվի առնել մի շարք զգայուն հարցեր, որոնք առնչվում են երկու ժողովուրդներին: Իրանը 44-օրյա պատերազմից հետո, համենայն դեպս, փորձագիտական մակարդակում հայտնել է,  որ Արցախի ադրբեջանական վերահսկողության տակ անցնելը աշխատելու է Իրանի դեմ: Այնպես որ, այնտեղ այդ գիտակցումը կա»:

Թագուհի Ասլանյան

Send