Գազայից Հայաստան հասնելու ճանապարհը Մուհամմադ Աբու Սալեհի և նրա ընտանիքի համար ամիսներ տևած փորձություն է եղել։ Պաղեստինցի տղամարդը կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ մեծ դժվարությամբ կարողացել է Ռաֆահի անցակետով դուրս գալ Գազայի հատվածից և հասնել Եգիպտոս։
«Մի քանի անգամ փորձել ենք հասնել Երուսաղեմ, սակայն այդ փորձերը չեն հաջողվել։ Շրջափակման ամիսներին երեխաների առողջական վիճակը վատացել է․ նրանք հիվանդացել և հյուծվել են՝ ապրելով պատերազմի ու ծանր հումանիտար պայմանների մեջ։ Մի քանի ամիս առաջ վերջապես կարողացել ենք Գազայից դուրս գալ մարդասիրական կազմակերպությունների միջամտությամբ»,- MediaHub-ին պատմում է պաղեստինցի տղամարդը։
Եգիպտոսից նրանք ճանապարհը շարունակել են դեպի Հայաստան։ Նրա կինը ևս առողջական խնդիրներ ունի։ Առայժմ աշխատանք չեն կարողանում գտնել։ Մուհամմադն ու ընտանիքը բնակվում են հոսթելում։
Ընտանիքի գոյատևման համար նա երեխաների հետ Երևանի կենտրնում զբաղվում է մուրացկանությամբ․ «Իսրայելի հարվածներից ավերվել է մեր տունը, կորցրել ենք մեր ամբողջ ունեցվածքը»։
Մուհամմադը պատմում է ավերված քաղաքների, պատերազմի հետևանքով բնակչության կրած կորուստների և այն մասին, ինչ ինքն ընկալում է որպես Իսրայելի կողմից Գազայի քաղաքացիական բնակչության թիրախավորում։ Նրա պատմությունը պատերազմի մասին ոչ թե հեռվից դիտողի, այլ այն մարդու պատմությունն է, ով իր ընտանիքով անցել է այդ ամենի միջով։
Հայաստանում Մուհամմադը 21-օրյա վիզայի թույլտվություն ուներ, որը վաղուց է վերջացել։ Նա փորձում է օրինական հիմքով երկարաձգել իր գտնվելու ժամկետը և ստանալ համապատասխան կարգավիճակ, սակայն, ինչպես ինքն է ասում, դեռ ամբողջությամբ չի կողմնորոշվել՝ ինչ ընթացակարգով պետք է դա անել։
Վերջին ամիսներին Հայաստան են ժամանել նաև մուսուլմանական աշխարհի տարբեր երկրներից հարյուրավոր քաղաքացիներ՝ հիմնականում աշխատանք գտնելու նպատակով։ Նրանց թվում կան Իրանի, Պակիստանի, Բանգլադեշի, Եգիպտոսի, անգամ Մարոկկոյի քաղաքացիներ։
Սակայն Գազայից Հայաստան հասած ընտանիքի պատմությունն առանձնահատուկ է։ Գազայի հատվածը շարունակում է մնալ աշխարհի ամենաթեժ և ամենածանր հումանիտար ճգնաժամերից մեկը, իսկ այնտեղից ընտանիքով դուրս գալն ու անվտանգ երրորդ երկիր հասնելը շարունակում է լուրջ դժվարությունների հետ կապված լինել։
Մուհամմադ Աբու Սալեհի և նրա ընտանիքի պատմությունը այդ երկար ճանապարհի մարդկային կողմն է՝ Գազայից Եգիպտոս, Եգիպտոսից Հայաստան, իսկ հիմա՝ նոր երկրում օրինական կարգավիճակ և պարզապես անվտանգ կյանք գտնելու փորձ։
Հունան Թադևոսյան

Русский