Նիկոլ Փաշինյանի հաջողության ամենակարևոր գրավականներից մեկն այն է, որ նա կարողանում է ցանկացած իրադարձություն դարձնել պարզապես լրահոս։
Յուրաքանչյուր գործընթաց, որն այսօր մեծ հնչեղություն է ունենում, վաղն արդեն դառնում է սովորական, որն այլևս արդիական չէ ու կորցնում է հասարակական հետաքրքրությունը։
Հասարակական հետաքրքրությունների անկման մեջ նույնպես իր դերակատարումն ունի Նիկոլ Փաշինյանը, նա կարողանում է այնպիսի արագությամբ նոր «շոու» մատուցել հանրությանը, որ տառացիորեն երեկվանը արդեն դառնում է հին։
Այս ողջ տարիների ընթացքում եղել են բազմաթիվ իրադարձություններ, որոնք առաջին օրը թվացել են, որ պետք է հասարակական ալեկոծություն առաջացնեն, համենայն դեպս գոնե քաղաքական դաշտում պետք է լինեն առաջնային խնդիր, սակայն ամենակարճ ժամկետում, նոր իրողությունների ֆոնին դրանք արդեն դուրս են մղվել օրակարգից ու բոլորի ուշադրությունը կենտրոնացել է հաջորդի վրա։
Լինենք անկեղծ, հիմա ո՞վ է խոսում Արցախից ու արցախցիների վերադարձի իրավունքից, ո՞վ է խոսում Գորիս-Կապան ճանապարհից, Սև լճից, Իշխանասարից, ո՞վ է հիշում Ջերմուկի մատույցներում դիրքավորված ադրբեջանցիներին, ո՞վ է մատնանշում Կիրանցը, ո՞վ է տալիս Բաքվում գտնվող մեր հայրենակիցների անունները, ո՞վ է մտաբերում մեր հարյուրավոր քաղբանտարկյալներին...։
Դրանք բոլորը դարձել են լրահոս, անհրաժեշտության դեպքում էլ նախընտրական նյութ, սակայն միայն այն չափով, որքանով, որ չի վնասի քվեների ձեռքբերմանը։
Քաղաքական օրակարգի ամբողջ գեներացնողը դարձել է Նիկոլ Փաշինյանը ու նա կարողանում է ամբողջականը բաժանել մասերի ու յուրաքանչյուր օր մատուցել անհրաժեշտ չափաբաժինը։ Իհարկե, օբյեկտիվորեն իշխանությունն ավելի մեծ հնարավորություններ ունի քաղաքական օրակարգ թելադրելու, սակայն ընդդիմությունը որպեսզի թե՛ հաջողություն ունենա ու թե՛ կարողանա այնպես անել, որ ցանկացած իրադարձություն մնա հանրային ուշադրության կենտրոնում ու չվերածվի սովորական լրահոսի, պետք է գործի լրիվ հակառակ տրամաբանությամբ։ Եթե Նիկոլ Փաշինյանը մասնատում է ամբողջը ու շատ արագ կարողանում դաշտը լցնել գործընթացներով ու աստիճանաբար մոռացության մատնել բոլորը, ապա ընդդիմությունը պետք է այդ մասնիկները հավաքի մի ամբողջության մեջ ու հանրությանը ամենօրյա ռեժիմով ներկայացնի հավաքված մոզայկան։
Միայն այդպես Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կոտրել ու «սովորական» դարձնել ցանկացած բան։
Բայց քանի դեռ ընդդիմությունը նման գործելաոճ չի ընտրել, ապա բառիս բուն իմաստով հենց վաղը կմոռացվի նաև Գագիկ Ծառուկյանը, ու հաջորդ անգամ մենք նրա մասին կլսենք ընդամենը 2 ամիս անց, երբ անհրաժեշտ լինի երկարացնել կալանքի ժամկետը, այն էլ ընդամենը սովորական իրավական ընթացակարգի համատեքստում։

Русский