Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ովքեր են եղել «Կանազ» մշակույթի տունն անզգուշաբար կրակի մատնած քաղաքացիները. մանրամասներ Shamshyan-ից

Blog Image

Երեկ՝ մարտի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչության իրենց գործընկերների հետ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են, որ մարտի 25-ին Երևանում հայտնի, սակայն չգործող «Կանազ» մշակույթի տանն առաջացած հրդեհը անզգուշաբար կատարել են 3 անչափահասներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները պարզել են կատարողների ինքնությունը և նրանց իրենց ծնողների հետ հրավիրել են ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կասկածյալներն են 14-ամյա Բ. Ն.-ն, 15-ամյա Ե. Ն.-ն և 16-ամյա Վ. Ղ.-ն։ 

Վերջինները խոստովանել են ծնողների ներկայությամբ, որ իրենք միտումնավոր չեն հրկիզել, պարզապես մտել են ներս կիթառ նվագելու համար և երբ մրսել են, կրակ են վառել, որպեսզի տաքանան, ինչից հետո կրակը մեծ արագությամբ տարածվել է ու շենքը բռնկվել է։

Նշված անձինք ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից 2-ը սովորում են Երևանում գործող հայտնի քոլեջներից մեկում, իսկ 1-ն էլ՝ Արաբկիր վարչական շրջանում գործող դպրոցներից մեկում։


 

Send