Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սև անձրև՝ Կրասնոդարում. բնակիչները դա կապում են վերջին հարվածների հետ (տեսանյութ)

Blog Image

Ռուս-ուկրաինական պատերազմի կրակը շարունակում է չմարել, իսկ վերջին շաբաթներին մարտական գործողությունների աշխարհագրությունը գնալով ավելի է ընդլայնվում։ Եթե պատերազմի առաջին տարիներին հիմնական հարվածները կենտրոնացած էին Ուկրաինայի տարածքում, ապա այժմ անօդաչու թռչող սարքերի հարձակումները պարբերաբար հասնում են նաև Ռուսաստանի տարբեր շրջաններ։

«Ուկրաինան հիմնականում թիրախավորում է վառելիքի պահեստները, նավթավերամշակման գործարաններն ու ռազմական ենթակառուցվածքները։ Արդյունքում մի շարք շրջաններում ժամանակավորապես խաթարվում է վառելիքի մատակարարումը, բենզալցակայաններում հերթեր են գոյանում, իսկ որոշ վայրերում սահմանափակումներ են մտցվում վառելիքի վաճառքի վրա»,- MediaHub-ին պատմում է Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի բնակիչ Էլինա Մարտիրոսյանը։

Վերջին օրերին հատկապես Կրասնոդարի երկրամասում օդային տագնապի ազդանշանները գրեթե չեն դադարում։ Ռուսաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, պարբերաբար սահմանափակվում է օդանավակայանների աշխատանքը։ Բազմաթիվ չվերթներ հետաձգվում կամ չեղարկվում են, իսկ թռիչքները թույլատրվում են միայն այն դեպքում, երբ համապատասխան ծառայությունները համոզվում են, որ օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի վտանգ չկա։

Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների վկայությամբ՝ հատկապես Կրասնոդարի երկրամասի որոշ քաղաքներում և գյուղերում վերջին օրերին տեղացած անձրևը մուգ, նույնիսկ սև երանգ է ունեցել։ «Պարզ է, որ դա վերջին օրերի հարվածներից հետո օդում կուտակված ծխի, մրի և այրման հետևանքով առաջացած աղտոտվածության հետևանք է»,- նշեց նա։

Ռուսաստանը շարունակում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածները Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների ուղղությամբ։ Ամեն օր հաղորդվում է զոհերի, վիրավորների և ավերված քաղաքացիական ու ռազմական ենթակառուցվածքների մասին։ Երկու կողմերն էլ զգալի կորուստներ են կրում, սակայն պատերազմի ավարտի կամ բանակցությունների իրական հեռանկարի մասին առայժմ հստակ ազդակներ չկան։

«Տնտեսական ճնշումները նույնպես շարունակում են խորանալ։ Պատերազմի, պատժամիջոցների և ռազմական ծախսերի աճի հետևանքով ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում բնակչությունը բախվում է լուրջ սոցիալ-տնտեսական դժվարությունների։ Չեք պատկերացնում, թե օրեցօր ինչպես են գները բարձրանում, ամեն ինչ թանկացել է»։

Հազարավոր մարդիկ շարունակում են լքել վտանգավոր շրջանները՝ ավելի անվտանգ կյանք փնտրելով հարևան երկրներում։ Հայաստանն ու Վրաստանը շարունակում են մնալ այն ուղղություններից, որոնք ընտրում են Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ՝ ժամանակավորապես կամ մշտապես տեղափոխվելու համար։

Ավելի քան չորս տարի շարունակվող այս պատերազմը շարունակում է փոխել միլիոնավոր մարդկանց կյանքերը։ Ամեն նոր օր բերում է նոր անորոշություն՝ առանց խաղաղության տեսանելի հեռանկարի։

Հունան Թադևոսյան

Send