Օգոստոսի 10-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթյա թիթեղների տակ նորածին երեխա կա։
Մինչ կժամանեին համայնքային ոստիկանները, Երևանի 103 շտապօգնության բժիշկների թիվ 25 խումբը տեղում նորածին աղջկան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել. կապել են պորտալարը և տեղափոխել Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»` ժողովրդին ավելի հայտնի, որպես Ռազմիկ Աբրահամյանի ծննդատուն, որտեղ էլ բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել փրկել նորածնի կյանքը, սակայն երեխան դեռ որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
MediaHub-ը դիմեց Առողջապահության նախարարություն, հասկանալու՝ ինչպե՞ս է երեխան։
«Խաղահրապարակում հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա շնչում է CPAP սարքի օժանդակությամբ», - MediaHub-ին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
ՔԿ-ից էլ MediaHub-ին նշեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
Մարիաննա Արամյան

Русский