Պուտին-Փաշինյան ապրիլմեկյան հանդիպումն արդեն տալիս է իր պտուղները՝ բացասական իմաստով։ Պարզվում է՝ ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթացել, որքան փորձում էր հայաստանցի հանրության համար էկրանից այն կողմ ներկայացնել Փաշինյան Նիկոլը, իսկ նրա համախոհներն ու թիմակիցները հոխորտալ, թե ինչպես իրենց դեմոկրատ վարչապետն ու ղեկավարը ՌԴ նախագահի «ականջները քաշեց»։ Վլադիմիր Պուտինի ակնարկները՝ ռուսական շուկայի շնորհիվ Հայաստանի տնտեսական աճի դինամիկայի մասին, հենց այնպես չէին։ Ռուսաստանի նախագահն այդպիսով ցանկանում էր հասկացնել Հայաստանի իշխանություններին՝ քաղաքական վեկտորը փոխելու և այլ հովանի փնտրելու դեպքում ինչ զրկանքների կարող է ենթարկվել մեր տնտեսությունը։
Ռուսաստանը միայն խոսքերով չբավարարվեց՝ անցնելով գործնական քայլերի։ Երեկվանից տեղեկություններ են հասնում այն մասին, որ Կրեմլում որոշում են կայացրել արգելել փաշինյանական իշխանության հետ փոխկապակցված բոլոր տնտեսվարողների գործունեությունը Ռուսաստանում։ Իսկ դրա ապացույցը Ալկոհոլային և ծխախոտային շուկայի վերահսկողության դաշնային ծառայության կողմից (Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ) Ռուսաստան կոնյակ արտահանող «Պռոշյանի կոնյակի գործարանում» չնախատեսված ստուգում իրականացնելն ու արդյունքում մի շարք խախտումների արձանագրումն է։
«Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը» պարզել է, որ ընկերության՝ կոնյակի արտադրության համար օգտագործվող սպիրտը խաղողից չի ստացվում, ինչը ԳՕՍՏ-ով սահմանված արտադրական չափորոշիչների կոպիտ խախտում է։ Ստուգման արձանագրության համաձայն՝ «Պռոշյանի կոնյակի գործարանի» արտադրանքն ամենևին կոնյակ չէ, այլ կեղծ ապրանք է, ինչի պատճառով էլ «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը» դադարեցրել է ընկերության լիցենզիան։ «Ռոսալկոգոլտոբակկոնտրոլ»-ը հիշեցնում է, որ «Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող բոլոր ալկոհոլային խմիչքները պետք է խստորեն համապատասխանեն ստանդարտներին և տեխնիկական բնութագրերին: Իսկ հայտնաբերված խախտումները լիցենզիան չեղյալ համարելու հիմք են»:
Պռոշյանի կոնյակի գործարանին լիցենզիայից զրկելու մասին իր թելեգրամյան էջում նման գրառում է կատարել ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը՝ նշելով, որ «Ռոսալկոգոլտոբակկոնտրոլ»-ը արդեն դատական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան՝ ընկերության լիցենզիան կասեցնելու և ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ Հեռուստամեկնաբանը գրել է, որ հայ վարպետները տասնամյակներով իրենց արտադրանքի հեղինակությունն են պահել՝ ապահովելով արտադրանքի մաքրությունն ու որակը, իսկ Պռոշյանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Բադալյան Աշոտը «խախտել է այդ խոստումը՝ շշերի մեջ կեղծ արտադրանք լցնելով, իսկ ռուս գնորդը վճարել է լեգենդի համար, որն իրականում չի եղել այդ շշերում։ Դա մեկ անվանում ունի՝ խաբեություն։ Բադալյանն այդ փիլիսոփայության հորինողը չէ, այլ ընդամենը նրա հլու կատարողն է, որն իր բիզնեսը վարում է Փաշինյանի շահերին ծառայեցնելով։ Դրա էությունը շատ պարզ է՝ երկակի ստանդարտների քաղաքականություն։ Դեպի Արևմուտք գնալու հանրահռչակում, գրկախառնություններ Մակրոնի հետ, Երևանում ՆԱՏՕ-ական խորհրդականներ և դրա հետ մեկտեղ՝ թաքուն հաշվարկ, որ ռուսական շուկան կշարունակի բաց և անսահման համբերատար մնալ։ Բայց ռուսական շուկայում կա մեկ օրենք՝ ստանում ես ճիշտ այնքան, որքան տալիս ես։ Վստահությունը, որ կարող ես անսահման վերցնել և միևնույն ժամանակ փոխարենը չտալ ոչ որևէ շիշ որակյալ արտադրանք, ոչ ազնվություն քաղաքականության մեջ, վաղ թե ուշ կարող է մի բանի հանգեցնել, որ ստիպված լինես ինքդ մինչև վերջ խմել քո իսկ շշալցրածը։ Կեղծիքը ամենուրեք մնում է կեղծիք՝ և՛ քաղաքականության մեջ, և՛ շշում»։
Վլադիմիր Սոլովյովի գրառումը մեկ բանի մասին է՝ Ռուսաստանի Դաշնությունը Բադալյան Աշոտին պատժում է ոչ այնքան իրենց շուկա ներմուծված կեղծ արտադրանքի համար, որի մասին, ակնհայտորեն իրենք նոր չեն իմացել, այլ Փաշինյան Նիկոլի վարած երկդիմի քաղաքականության և հանդգնության, որով նա օրերս Ռուսաստանի նախագահին հայտարարեց՝ ռուսական շուկան կօգտագործենք և դրա շնորհիվ մեր տնտեսության աճը կպահպանենք այնքան ժամանակ, քանի դեռ Եվրամիությանը մեր առաջ իր դռները լայնորեն չբացի։ Դե իսկ եթե Եվրամիությունը այդքան մեծահոգի չգտնվի, Ռուսաստանը կա, ոչ մի տեղ չի փախչի։ Դե ինչ, երևում է՝ Ռուսաստանն ի վերջո որոշել է հայաստանյան իշխանությունների ինքնավստահությանը շառաչուն ապտակ հասցնել։
Ըստ տեղեկությունների՝ հաջորդիվ ռուսների հետ բավականին ջերմ հարաբերություններ հաստատած Գուրգեն Արսենյանի բիզնեսն է դրված խաղաքարտին։ Հետաքրքիր է՝ իր մերձակա շրջապատի բիզնեսների համար այսպիսի անհարմարություններ ստեղծած և փոխարենը այլընտրանք չառաջարկող Փաշինյանը այդքանից հետո կշարունակի՞ մնալ նրանց սրտի վարչապետը, որի բոլոր քայլերն իրենց կողմից հավանության են արժանանաում։
Ի դեպ, Ռուսաստանից արդեն ազդակներ են գալիս, որ հնարավոր է պաշտոնական Մոսկվան չսահմանափակվի միայն փաշինյանամերձ բիզնես շրջանակներով և Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ունեցող հայկական բոլոր ընկերությունները հայտնվեն ռուսական պատժամիջոցների տակ։ Միանշանակ, սա ընտրություններին այս կամ այն ուժի օգտին քվեարկելու ժամանակ տնտեսվարողներին լուրջ մտորելու տեղիք կտա։
Թագուհի Ասլանյան

Русский