Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

ՔՊ-ականները Ֆիդանին ասե՞լ են՝ «Հաքան, կպիր գործերիդ», թե՞ նրանց համար Անկարայում ծնված թուրքը գերադասելի է Կրասնոդարում աշխատող հայից

Blog Image

Անտիկ ժամանակների հունական քաղաք պետություններում, որտեղ ընդունված էր ուղիղ ժողովրդավարությունը, ընտրությունները համարվում էին պետության քաղաքական-հասարակական կյանքին մասնակցելու պարտադիր պայման, ու ովքեր խուսափում էին ընտրություններին մասնակցելուց, զրկվում էին քաղաքացիությունից։

Արդի ժամանակներում ընտրություններին մասնակցելը ոչ միայն քաղաքացիական պարտք է, ինչպես ընդունված է ասել, այլև իրավունք, ու երբ քաղաքացուն զրկում են ընտրելու հնարավորությունից, նույնն է, թե զրկեն քաղաքացիությունից ու մարդուն իր սեփական երկրում տան պարզապես կացության իրավունք։

Ահա այդ նույն ճանապարհով է պատրաստվում շարժվել ՔՊ-ական իշխանությունը, երբ փորձում է ընտրության իրավունքից զրկել ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, որոնք 6 ամսից ավելի գտնվում են Հայաստանից դուրս, այլ խոսքով ասած, ՔՊ-ն փորձում է ՀՀ քաղաքացիներին զրկել քաղաքացիությունից, որովհետև ընտրելու հնարավորությունից զրկված քաղաքացին չի կարող համարվել լիարժեք քաղաքացի, քանի որ ընտրությունները պետության քաղաքական կյանքի կարևորագույն գործընթացներից մեկն է, որի միջոցով քաղաքացին հնարավորություն է ստանում ոչ միայն ձևավորել իր ուզած իշխանությունը, այլ հենց ինքը հայտ ներկայացնել իշխանության իրացնողը դառնալուն։

Իհարկե, ցանկացած մեդալ ունենում է իր հակառակ երեսը, ու շատերը գտնում են, որ իշխանություն պետք է ձևավորեն այն մարդիկ, որոնք ապրում են երկրում ու շարունակելու են ապրել իրենց ձևավորած իշխանության պայմաններում, հետևաբար բոլոր նրանք, որոնք չեն ապրում Հայաստանում չպետք է նաև մասնակցեն ընթացող քաղաքական գործընթացներին, քանի որ միևնույն է, դրա հետևանքները չեն զգալու իրենց մաշկի վրա։ Բնականաբար, նման դիրքորոշում ունեցող քաղաքացիների մտահոգությունն ինչ-որ տեղ արդարացված է, սակայն կա շատ կարևոր երկու հանգամանք։

Առաջինը՝ 6 ամիսն այն ողջամիտ ժամկետը չէ, որը քաղաքացուն պետք է զրկի ընտրելու իրավունքից։ Օրինակ՝ մարդը կարող է մեկնել արտագնա աշխատանքի, ինչը ինքնաբերաբար չպետք է հանգեցնի նրան «2-րդ սորտի քաղաքացու» վերածվելու։ Երկրորդը՝ պետությունը պարտավոր է ոչ թե վանել քաղաքացուն իրենից, այլ ստեղծի այնպիսի պայմաններ, որպեսզի ոչ ոք կարիք չունենա արտագնա աշխատանքի մեկնելու։ Բայց երբ իշխանությունը գործում է տրամագծորեն հակառակը, ապա մեծանում է նաև հավանականությունը, որ արտագնա աշխատանքի մեկնելը կարող է վերածվել արտագաղթի։ Նման պարագայում ոչ ոք իրավունք չի ունենա մեղադրելու տվյալ քաղաքացիներին ու նրանց գլխին «երկրից չեն նեղանում» տխմարաբանություններ կարդա։ Քաղաքացու համար իրավահարաբերություններում պետությունը ներկայանում է իշխանության տեսքով, ու երբ քաղաքացին «նեղանում է» իշխանությունից, ինքնաբերաբար դա տարածվում է նաև երկրի վրա։

Բայց ցանկացած մոտեցում, որի հիմքում անկեղծ մտահոգությունն է, կարող են ունենալ բոլորը, բացի ՔՊ-ականներից։ Նրանց պարագայում ռուսերեն դիպուկ խոսք կա․«Чья бы корова мычала, а твоя бы молчала»։ Նրանց իրական շարժառիթը ոչ թե մտահոգությունն է պետության հանդեպ, այլ քաղաքական հաշվարկը։

Երբ օրինակ ոմն ՔՊ-ական Ալխաս Ղազարյան ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ «մարդիկ, որոնք իրենց ապագան չեն կապում Հայաստանի Հանրապետության հետ, այլ ընդամենը ՀՀ քաղաքացի են, որոշում են, թե ինչպիսի իշխանություն պետք է մենք ունենանք»։ Ես չեմ կարծում, որ սույն ՔՊ-ականն օժտված է մարդկանց մտքերը կարդալու կարողությամբ, որպեսզի հասկանա ու առավել ևս գնահատական տա, թե ով է իր ապագան կապում Հայաստանի հետ, ով՝ ոչ։ Բացի այդ, ինչո՞ւ կարող է Անկարայում ապրող, Թուրքիայի քաղաքացի ու Թուրքիայի ԱԳ նախարար հանդիսացող Հաքան Ֆիդանը միջամտել ՀՀ ներքաղաքական կյանքին, այդ թվում ընտրական գործընթացներին, իսկ պայմանական ասած Կրասնոդարում աշխատող ՀՀ քաղաքացի Պողոս Պողոսյանը՝ ոչ։

Հիշենք, որ դեռևս ամիսներ առաջ Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանի կառուցողական կամքն ու դերակատարումը ու շեշտել, որ առաջիկայում Հայաստանում սպասվում են ընտրություններ` ընդգծելով, որ անհրաժեշտ է, որպեսզի այդ գիծն ու կամքը շարունակվեն։Երբևէ նորանկախ Հայաստանի պատմության մեջ չէր եղել դեպք, երբ օտար պետության բարձրաստիճան պաշտոնյան այսպես ուղղակիորեն խառնվեր ՀՀ ընտրական գործընթացին, արտահայտեր իր ցանկությունն ու աջակցություն հայտներ առաջիկա ընտրություններում ՀՀ վարչապետի թեկնածուներից որևէ մեկին։

Ու ի՞նչ, Ալխասը հայտնե՞ց իր զայրույթը, ասաց՝ «Հաքան, կպիր գործերիդ»։ Ոչ, չհայտնեց, նույնիսկ հակառակը՝ Հաքան Ֆիդանին ՔՊ-ական իշխանությունը ԱԺ նախագահի մակարդակով շնորհակալություն հայտնեցին։

Հիշենք նաև, որ ՀՀ քաղաքացի չեն նաև եվրոպացիները, սակայն դա չխանգարեց ՔՊ-ականներին, որպեսզի օգնություն աղերսեն նրանցից ու հրավիրեն մասնակցելու Հայաստանի ընտրական գործընթացներին։

Հիշեցնենք նաև որ ՀՀ քաղաքացի չեն ո՛չ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ո՛չ էլ ԱՄՆ փոխնախագահ Դեյվիդ Վենսը, սակայն կրկին ՔՊ-ականները հանդես չեկան օրենսդրական նախագծով, որով կարգելեին ցանկացած արտաքին միջամտություն ՀՀ ներքաղաքական կյանքին։ Այլ բան է Կրասնոդարում աշխատող ու ՀՀ քաղաքացի հանդիսացող Պողոս Պողոսյանը, նրան «իրավացիորեն» պետք է զրկել ոչ միայն ընտրական գործընթացներին մասնակցելու իրավունքից, այլև 6 ամիսը լրանալուն պես պետք է առհասարակ արգելել Հայաստան վերադառնալ։

Կարեն Կարապետյան

Send