ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է, որ այս աջակցությունը միտված է մեղմելու դեպի Ռուսաստան արտահանման արգելքի հետևանքով ստեղծված խնդիրները։
Նախորդ տարիներին աջակցության ծրագրերով կնքվել է 20 պայմանագիր, 91.5 հա տարածքով ջերմատներ են հիմնվել կամ հիմնվում, որից 34.5 հա–ն արդեն իսկ հիմնվել է ու այս տարի արտադրանք է թողարկել։
Պապոյանի խոսքով՝ եթե մինչև հուլիսի 1–ն իրականացված մոնիտորինգի արդյունքներով պարզվի, որ ջերմատունը կառուցվել է և գյուղատնտեսական արտադրանք է ունեցել ու վաճառել է, ապա այս տնտեսվարողի վարկի համար սահմանված առավելագույն 8 տարի ժամկետը կերկարաձգվի 6 ամսով և սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի կտրամադրվի նաև լրացուցիչ 6 ամիս` վարկի մայր գումարի և տոկոսադրույքի մարման համար։
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրած տվյալների համաձայն՝ հունիսի 1-17-ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն, ելակ, շուրջ 1.8 միլիոն հատ և 17 տոննա ծաղիկ է արտահանվել Հայաստանից Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, Իրան, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Բելառուս, Ղազախստան։
Հունիսի 11-ին հայտնի էր դարձել, որ Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից սահմանափակում է կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։

Русский