Առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը շարունակվում է, և քաղաքական ուժերը, այդ թվում` իշխող ուժը, նախընտրական խոստումներով շրջում են ՀՀ մարզերում ու Երևանի համայնքներում։
Օգտվելով իշխանական լծակներից և ռեսուրսներից՝ ՔՊ-ն նաև գործուն խոստումներ է տալիս՝ քաղաքացիներին շահագրգռելով ընտրություններին իրենց քվեն տալ Փաշինյանի ուժի վերարտադրության համար։ Եվ այսօր վերջապես Նիկոլ Փաշինյանը հանդիպեց տևական ժամանակ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ իրականացնող տասնյակ վարորդների հետ, որոնց խմած վիճակում մեքենայի ղեկին նստելու համար զրկել էին վարորդական իրավունքներից։
Այդ վարորդների բախտը, կարելի է ասել, բերեց, քանի որ հիմա իրենց բողոքի ձայնը բարձրացնելու շատ հարմար ժամանակահատված է, և ակնկալիքը, որ իշխանությունները չեն վարանի ականջալուր լինել իրենց՝ սիրաշահելու և իշխող ուժի հանդեպ դրական տրամադրելու համար, արդարացվեց։ Համենայն դեպս, Փաշինյանի խոստումները հուսադրող էին վարորդների համար։ Աստված գիտի, եթե նախընտրական շրջան չլիներ, ընդհանրապես երկրի վարչապետը կլսե՞ր այդ մարդկանց բողոքը և ընդհանրապես համապատասխան գերատեսչությունը որևէ ձևով կաձագանքնե՞ր նրանց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նորից քարոզարշավի ժամանակ Փաշինյանը, հանդիպելով նույն վարորդների հետ, նրանց հավաստիացրել էր, թե կփորձի ՆԳ նախարարի հետ քննարկել ու հասկանալ, թե ինչպե՞ս կարող են ընդառաջել այդ մարդկանց։ Սակայն օրենքի պահանջը հստակ է և պահանջում է, որ նման խախտումների դեպքում վարորդական վկայականը վերականգնելու համար վարորդները մեկ տարի հետո նորից վարորդականի քննություն հանձնեն։ Բայց Փաշինյանի համար օրենքը, անգամ Սահմանադրությունը երբեք արգելք ու խոչընդոտ չեն եղել իրեն անհրաժեշտ քայլերն անելու համար։ Ճիշտ է, նա չի բարձրաձայնում, բայց նրա քայլերից ակնհայտ երևում է, որ Փաշինյանն ինքն իր համար որոշել է, որ այս երկրի օրենքն էլ է ինքը, Սահմանադրությունն էլ է ինքը, ինչպես որ ամբողջ կառավարությունն է իր իշխանության ներքո և թող համարձակվի որևէ նախարար կամ նախարարության աշխատակից հակառակվել իրեն։ Եվ այդ տրամաբանությամբ նա որոշել է նաև այս խնդրին լուծում տալ՝ հակասելով օրինական պետություն կառուցելու իր սին խոստումներին։ Այսօր Փաշինյանը վարորդներին նոխընտրական խոստում տվեց, որ վարորդական իրավունքից զրկելու ժամկետից մեկ տարի անց նրանց կվերադարձվի այդ իրավունքն՝ առանց քննություն հանձնելու, փոխարենը նախատեսվող 13 բալի փոխարեն նրանց կտրվի միայն 6 բալ։ Հաջորդ տարվա ընթացքում վարորդական իրավունքից չզրկվելու դեպքում արդեն կվերականգնվի 13 բալը։ Բայց եթե 6 բալը ինչ-ինչ պատճառներով զրոյանա, ապա քննություն հանձնելն անխուսափելի կլինի։ Բայց խոստումը հնարավոր կլինի իրականացնել միայն հանրային քննարկման դնելու և հանրային հավանության արժանանալու դեպքում։ Անգամ այդ պայմաններում վարորդական իրավունքի վերականգնման հնարավորության խոստում ստացած վարորդները, երևում է, բավարարված էին․ նրանց անչափ ուրախությունն ու ծափողջույնները, «Նիկոլ՝ վարչապետ» բղավոցները դրա մասին էին վկայում։ Այս դեպքում խնդիրն այն չէ՝ կկատարի՞ Փաշինյանն իր խոստումը, թե՞, հղում կատարելով հանրային որոշման վրա, հուսախաբ կանի այդքան ոգևորված վարորդներին, ինչպես որ դրժեց 2018 թվականին ճանապարհատրասպորտային բոլոր խոչընդոտները՝ ընդհուպ տեսախցինկներն ու արագաչափերը վերացնելու խոստումը։ Խնդիրը այլ հարթության մեջ է․ Փաշինյանը մեկ հայտարարում է, թե ինքն օրինական պետությունուն է կառուցում, որտեղ ստվերում գործող որևէ ընկերություն չպետք է լինի, հարկերը պարտաճանաչորեն պետք է վճարվեն, բոլոր քաղաքացիները պետք է անպայման հայտարարագրեն իրենց ունեցվածքը և ոչ մի ավելորդ եկամուտ չպետք է առանց հարկման մնա քաղաքացուն, որ ՀԴՄ կտրոնները որևէ տնտեսվարող չպետք է խուսափի տրամադրել գնորդներին, օրենքները խախտողները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, մեկ էլ խոստումներով խրախուսում է հակաօրինականությունը, տվյալ դեպքում այն, որ վարորդը կարող է նորից խմած նստել մեքենայի ղեկին ու վստահ լինել, որ դա իրեն մասնակիորեն կներվի և օրենքով պահանջվող որոշ պատժաձևեր կչեղարկվեն։ Փոխանակ վարչապետը հարցադրում անի, թե ինչո՞ւ են վարորդները խուսափում վարորդական իրավունքը վերականգնելու համար մեկ անգամ ևս քննություն հանձնելուց, գուցե որակավորման խնդիր ունեն և նրանց ընդհանրապես պետք չէ թույլ տալ երթևեկել, գնում է անպատասխանատու զիջումների։ Ի վերջո, վարորդի խմածության պատճառով մեր ճանապարհներին քիչ չեն թե՛ ավտովթարների, թե՛ վրաերթերի դեպքերը՝ նաև մահացու ելքերով։ Եվ օրենքը այդպիսի պահանջներով հենց նման դեպքերը կանխելու նպատակով է մշակվել։ Հղի կնոջ վրաերթը մարսելուց հետո Փաշինյանը մտածելու, մտավախություն ունենալու որևէ բան չունի, որ այդ վարորդներից որևէ մեկի պատճառով դժբախտ դեպք լինելուց հետո նաև ինքն է պատասխանատու լինելու, բայց հանրությունը վարչապետի նման քայլից մտահոգվելու լուրջ պատճառ պետք է ունենա։
Խնդիր է նաև օրինախախտ վարորդների վարքը, որոնց ամենևին էլ օրինական պետություն հարկավոր չէ, հարկավոր չէ օրենքին ենթական կառավարություն, օրենք ու կարգուկանոն, այլ հարկավոր է այնպիսի համակարգ ու այնպիսի իշխանություններ, որոնք հանդուրժող կլինեն իրենց խախտումների հանդեպ և աչք կփակեն դրանց վրա։ Զարմանալի է նաև վարորդների խանդավառությունը, որոնց համար էական չէ, որ Փաշինյանի իշխանությունը հանձնել է Արցախը, թույլ է տվել Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացում ադրբեջանցիների կողմից, Հայաստանի անվտանգային համակարգը դարձրել է թշնամու ոտքի կոխան, կարևորը, որ Փաշինյանը խոստացավ ներել իրենց զանցանքները։ Ու դրանով առաջնորդվելով՝ նրանք իրենց ձայնով նպաստելու են Փաշինյանի վերարտադրությանը։
Թագուհի Ասլանյան

Русский