ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 26-ին, Արարատի մարզում՝ Այգավանի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածների և վիրավորների, ինչպես նաև ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վեդիի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ «Toyota»-ն վարել է Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Է․-ն, «ՎԱԶ 2114»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Հարություն Ռ․-ն, իսկ «Volkswagen»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արմեն Ս․-ն, ինչի հետևանքով վերջինը հարվածել է ճամփեզրով անցնող գազատար խողովակին և հրդեհ է բռնկվել։
Վթարի հետևանքով Արմեն Ս․-ն, ուղևորուհիներ, Արարատի մարզի բնակիչներ 61-ամյա Բելա Թ․-ն և 56-ամյա Սեդա Թ․-ն մահացել են, իսկ ուղևորուհի, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Անի Խ․-ն և վարորդներից Արսեն Է․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ Հարություն Ռ․-ն և ուղևորուհի, Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Աննա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ հուլիսի 26-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Այգավան բնակավայրի կամրջի վրա, բախվել էին «Toyota», «Volkswagen» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Volkswagen»-ում հրդեհ էր բռնկվել։ Հրշեջները, մարելով «Volkswagen»-ում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել էին քաղաքացիների 3 մոխրացած մարմին։
Վթար-հրդեհի հետևանքով 3 հոգի էլ տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Русский