Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄՇԱԿՈՒՅԹ

Թանգարանները տարատեսակ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին

Blog Image

Հայաստանյան թանգարանները տարատեսակ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին։ Մասնավորապես, Հայաստանի ազգային պատկերասրահում ձևավորված ավանդույթի համաձայն, այս տարի հունվարի 31-ին՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնին ընդառաջ, թանգարանի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում կցուցադրվեն 18-19-րդ դարերի անհայտ հայ նկարիչների «Սուրբ Սարգիս» և «Սուրբ Գևորգ» սրբապատկերները։ Առաջին սրբանկարը պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց (7-րդ դար) 1939 թվականին, երկրորդը՝ 1957-ին, իսկ երրորդը՝ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցուց 1940 թվականին։ Պատկերասրահում փետրվարի 5-ին, ժամը 15:00 կկայանա նաև դասախոսություն «Սուրբ Սարգսի և Սուրբ Գևորգի պատկերները միջնադարյան արվեստում» խորագրով։
 
Շարունակելով ձևավորված ավանդույթը՝ այս տարի ևս հունվարի 30-ին, ժամը 11։00-18։00 Հայաստանի պատմության թանգարանի բոլոր չամուսնացած այցելուները սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի նախօրեին աղի բլիթներ նվեր կստանան։ Իսկ հունվարի 31-ին, ժամը 14:00 թանգարանում «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսի հատուկ շրջայցը կանցկացնի սիրված երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը։ Նրա հետ միասին այցելուները բացահայտեն Հայաստանում առաջին անգամ ներկայացված ցուցանմուշները` Փարիզի Լուվրից, որոնք համադրված են Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների հետ, կունենան նաև օրվա մասին հիշեցնող լուսանկարներ։

Ժողովրդական արվեստների թանգարանում դեկտեմբերի 30-ին, ժամը 19:00 այցելուները կպատրաստեն աղի բլիթ՝ իրենց նախընտրած տեսքով։ Ծրագրում՝ աղի բլիթի և փոխինձե գնդերի պատրաստում ու համտես՝ «Էրկանք» ընկերության հետ, թեմատիկ ժողովրդական երգերի ուսուցում և վիկտորինա։ Վիկտորինայի հաղթողը կստանա ավանդական հագուստով ֆոտոսեսիայի հնարավորություն՝ «Մարաշլեան» ֆոտո ստուդիայում։ 
Մարզային թանգարանները ևս անմասն չեն տոնից։ Սուրբ Սարգսի տոնի նախօրեին՝ հունվարի 30-ին՝ ժամը 11:00-18:00-ն, Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բոլոր երիտասարդ այցելուները կարող են ստանալ իրենց աղի բլիթը, ինչպես նաև վայելել Օրբելի եղբայրների սիրային նամակներից առանձնացված ջերմ տողերը։

Send