Ամռանը, օդի բարձր ջերմաստիճանով և սննդամթերքի անվտանգության կանոնների խախտմամբ պայմանավորված, մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը։ MediaHub-ին բազմաթիվ քաղաքացիներ են ահազանգել, որ հանրապետության տարածքում աղիքային վարակները գլուխ են բարձրացրել։
Ինչպե՞ս պաշտպանվել աղիքային վարակներից, և ինչի՞ց կարող են դրանք առաջանալ. MediaHub-ը խոսել է գաստրոէնտերոլոգ Աննա Մկոյանի հետ։
«Ամառային ամիսներին, հատկապես մրգերի և բանջարեղենի սեզոնին, աղիքային վարակների դեպքերն ավանդաբար ավելանում են։ Թեև այս տարի արտասովոր աճ չի նկատվում, սեզոնային ակտիվությունը պահպանվում է»,- ասաց գաստրոէնտերոլոգը։
«Ամռանը գրանցվող աղիքային հիվանդությունների քանակը հիմնականում համապատասխանում է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշներին։ Խոսել հիվանդությունների կտրուկ աճի մասին ճիշտ չի լինի, քանի որ նման դեպքերն ամեն տարի առավել հաճախ հանդիպում են հենց մրգերի սեզոնին։ Կանխարգելման ամենակարևոր միջոցը հիգիենայի կանոնների պահպանումն է։ Հատկապես կարևոր է մանրակրկիտ լվանալ բոլոր մրգերն ու բանջարեղենը, առավել ևս այն տեսակները, որոնք աճում են հողի հետ անմիջական շփման պայմաններում։ Հենց վատ լվացված մթերքներն են հաճախ դառնում հիվանդություն առաջացնող միկրոօրգանիզմների փոխանցման աղբյուր»,- բացատրեց Աննա Մկոյանը։
Մասնագետի խոսքով՝ շոգ եղանակին կարևոր է նաև բավարար քանակությամբ ջուր օգտագործելը՝ օրգանիզմի ջրազրկումը կանխելու համար։ Սա հատկապես անհրաժեշտ է այն դեպքերում, երբ աղիքային վարակն ուղեկցվում է փսխումով կամ լուծով, քանի որ հեղուկի կորուստը կարող է արագ հանգեցնել ջրազրկման։
Սննդակարգի հարցում բժիշկը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ թեթև, հիմնականում բուսական սննդին, իսկ արագ սննդից (ֆաստֆուդից), կրկնակի վերամշակված և անհայտ ծագման սննդամթերքից հնարավորինս հրաժարվել։ Շոգ պայմաններում նման մթերքներում հիվանդածին միկրոօրգանիզմների բազմացման հավանականությունն ավելի մեծ է։
Բացի մրգերի և բանջարեղենի պատշաճ լվացումից, կարևոր է նաև ձեռքերի կանոնավոր հիգիենան, քանի որ այն աղիքային վարակների կանխարգելման հիմնական միջոցներից է։
«Եթե վարակն արդեն զարգացել է, բուժման մոտեցումը կախված է ախտանշանների ծանրությունից։ Թեթև դեպքերում, երբ առկա են թույլ արտահայտված ջերմություն, սակավաթիվ փսխումներ կամ լուծ, բուժումը հնարավոր է կազմակերպել տնային պայմաններում՝ բժշկի հսկողությամբ՝ կիրառելով հեղուկների վերականգնման (ռեհիդրատացիոն) թերապիա և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան դեղամիջոցներ։ Սակայն եթե հիվանդն ունի 38°C և բարձր ջերմություն, հաճախակի փսխումներ կամ լուծ, ինչպես նաև ջրազրկման ու ընդհանուր թուլության նշաններ, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց։ Ծանր դեպքերում, հատկապես բակտերիալ վարակի ժամանակ, կարող է անհրաժեշտ լինել նաև հակաբիոտիկային բուժում՝ միայն բժշկի նշանակմամբ»։
Ամռանը հաճախ տարածված է այն կարծիքը, թե հատկապես ձմերուկն ու սեխն են աղիքային թունավորումների հիմնական պատճառը։ Բժիշկ Աննա Մկոյանը նշում է, որ խնդիրը հենց այդ մրգերի մեջ չէ։ Ռիսկն առաջանում է այն ժամանակ, երբ դրանք պատշաճ չեն լվացվում մինչև կտրելը կամ վաճառվում են արդեն կտրատված վիճակում։ Այդ դեպքում դանակի միջոցով կեղևի վրա գտնվող միկրոօրգանիզմները կարող են անցնել պտղի ներսը և դառնալ վարակման պատճառ։
Մասնագետը նաև խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ սեզոնային մրգերին։ Սեզոնից դուրս ներկրված որոշ մթերքներ կարող են մշակված լինել տարբեր քիմիական նյութերով, ինչը ևս կարող է լրացուցիչ ռիսկեր ստեղծել։
Ինչ վերաբերում է սննդամթերքի համադրմանը, բժիշկը նշում է, որ, օրինակ, հում կաթի և ձմերուկի կամ սեխի համատեղ օգտագործումը որոշ մարդկանց մոտ կարող է առաջացնել մարսողական խանգարումներ։ Այդ պատճառով ցանկալի է միաժամանակ չխառնել չափազանց շատ տարբեր տեսակի սննդամթերքներ։
Մարիաննա Արամյան

Русский