ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Յամալցի բժիշկները ծնունդ են ընդունել ինքնաթիռի օդանավում․ այժմ մայրն ու երեխան գտնվում են ծննդատանը, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնել է Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգի կառավարության պաշտոնական ծառայությունը։
«Նովի Ուրենգոյի 30-ամյա բնակչուհու ծննդաբերական ցավերն սկսվել են երկնքում, երբ նա վերադառնում էր տուն Կրասնոյարսկից, որտեղ արձակուրդում էր։ Հղի կնոջն առաջին օգնությունը ցուցաբերել են բորտուղեկցորդուհիները։ Ինքնաթիռի անձնակազմն անմիջապես տեղեկացրել է իրավիճակի մասին ժամանման օդանավակայանին»,- հայտնել են կառավարությունից։
Նշվում է, որ գետնի վրա օդանավին արդեն սպասում էին բուժաշխատողները, իսկ զննումից հետո որոշում է կայացվել «փոքրիկին ընդունել հենց օդանավում»։
«Ծննդաբերությունը հաջող է անցել, լույս աշխարհ է եկել 51 սանտիմետր հասակով և 2980 գրամ քաշով տղա։ Այժմ երիտասարդ մայրն ու երեխան գտնվում են ծննդատանը, նրանց առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես հստակեցրել են իշխանությունները, սա կնոջ երրորդ երեխան է․ ընտանիքում մեծանում են ևս երկու երեխաներ՝ երեք և հինգ տարեկան։

Русский