Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Կա՞ մարտավարություն հունիսի 7-ից հետո, թե՞ ընտրություններով «կյանքն ավարտվում է»

Blog Image

Սովորաբար շատերի պատկերացմամբ քաղաքական լեգիտիմությունից զրկվում է միայն իշխանությունը, սակայն որոշ դեպքերում այդ վտանգը սպառնում է նաև ընդդիմությանը։ Հարցը միայն այն չէ, թե արդյո՞ք ընդդիմությանը կհաջողվի կատարել գլխավոր խոստումը, այն է՝ հասնել իշխանափոխության, այլ նաև այն, թե ինչ ծրագիր է առաջարկում, եթե գլխավոր խոստումը ձախողվի։ 

Իհարկե, ինքնավստահությունը շատ կարևոր գործոն է, սակայն քաղաքականությունը կազմված չէ միայն մեր ցանկությունների իրականացումից։ Երբ ցանկալին դնում են իրականության տեղ, քաղաքականությունը վերածվում է ռոմանտիզմի, ինչը կործանարար կարող է լինել թե՛ արտաքին, թե՛ ներքին ասպարեզում։

Քանի որ շատ է շեշտադրվում, որ մենք գտնվում ենք վճռորոշ փուլում ու 2026 թվականի հունիսի 7-ին ընտրությունները ոչ թե դասական քաղաքական գործընթաց են, այլ Հայաստանի գոյութենական խնդիր, հետևաբար այն ուժերը, որոնք այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հայտ են ներկայացրել ու վստահաբար պնդում են, որ հունիսի 8-ին Փաշինյանն այլևս չի լինելու վարչապետ, պետք է հստակ պատասխանեն այն հարցին, թե ի՞նչ են անելու, եթե վերջինիս հաջողվի վերարտադրվել։ Ընտրություններից հետո քաղաքական գնահատականները, թե տեղի է ունեցել ընտրակեղծիք, վարչական ու ֆինանսական ռեսուրսի կիրառում, բռնաճնշում և այլն, իհարկե կարևոր, բայց բավարար գործոն չեն ՔՊ-ին հեռացնելու համար։

Հանրությունը պետք է հստակ իմանա, եթե իրենք ձայն են տալիս Փաշինյանին հեռացնելու հայտ ներկայացրած ուժերին, ապա ի՞նչ են անելու այդ ուժերը, եթե Նիկոլ Փաշինյանին ընտրակեղծիքների, վարչական, ֆինանսական ռեսուրսների կիրառմամբ ու բռնաճնշումներով հաջողվի վերարտադրվել։ Նրանք շարունակելու են իրենց գործունեությունն Ազգային ժողովո՞ւմ, թե՞ պայքար են մղելու փողոցում։

Իհարկե, որևէ մեկը չի ակնկալում, որ ընդդիմությունը պետք է բացի ողջ խաղաքարտերը ու բացահայտ խոսա իր ողջ մարտավարության ու ռազմավարության մասին, սակայն բացարձակ լռությունը հետագա գործողությունների մասին, ստեղծում է գուցե սխալ, բայց տպավորություն, որ ողջ մարտավարությունը կառուցված է միայն մինչև հունիսի 7-ը, այնուհետև «կյանքն ավարտվում է»։

Ուստի օրինակ ես՝ որպես ընտրող, որն իր ձայնը տալու է իրական ընդդիմադիր ուժերինց որևէ մեկին, հուսով եմ, որ հունիսի 8-ին ունենալու ենք առանց Նիկոլ Փաշինյանի Հայաստան, այնուամենայնիվ, կցանկանայի նախօրոք իմանալ՝ արդյո՞ք ընդդիմությունը կունենա այնքան քաղաքական կամք ու վճռականություն, որ Աստված մի արասցե, Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում հրաժարվի մանդատներից, ինչպես ժամանակին դա արեց Արթուր Վանեցյանը։ Լավ կլիներ՝ նախօրոք տեղյակ լինեինք, արդյո՞ք խմբակցություն ունենալը, թեկուզ մեծաքանակ, նպատա՞կ է, թե՞ ընտրություններին մասնակցելը միջոց է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։

Որպեսզի որևէ մեկի մոտ սխալ չընկալվի, հավելյալ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ շեշտադրումները ոչ թե կասկած են ընդդիմության քայլերի ազնվությանը, այլ մտահոգություն, քանի որ մենք չենք կարող ամեն անգամ շռայլորեն ինքներս մեզ թույլ տալու համակվել իշխանությանը փոխելու վստահությամբ, այնուհետև հիասթափվել։ Չենք կարող ամեն անգամ հայտարարել, որ Հայաստանը գտնվում է գոյութենական խնդրի առջև, հետո նորից 5 տարի պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ։

Իհարկե, հուսով եմ, որ ընդդիմությանը կհաջողվի հունիսի 7-ին հեռացնել Նիկոլ Փաշինյանին, ու ինքս այդ հարցում օգնելու են իրական ընդդիմությանը, սակայն որպես մարդ, որը երկար տարիներ զբաղվում է քաղաքականությամբ, ուզում եմ հիշեցնել, որ քաղաքական գործընթացներում հաղթում են ոչ թե միայն պաթոսով, այլև սառը ու հաշվարկված քայլերով։

Կարեն Կարապետյան

Send