Հայ Առաքելական եկեղեցու մի շարք հոգևորականներ հրապարակայնորեն հաստատում են, որ հավատարմորեն ծառայում են ժողովրդին, Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին են.
«Եթե մարդ հացափորի ապրող բորենի է, քինախնդիր ստրուկ ու դավաճան, նրան կարելի է անուշ խոսքով ու ինքնասիրությունը շոյող հայացքով էլ գնել:
Շահե ծայրագույն վարդապետ Անանյան»,
«Ես`Եզնիկ քահանա Գալստյանս իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին:
Տեր Եզնիկ քահան Գալստյան»,
«Վերահաստատում եմ ուխտս՝ հավատարիմ մնալով Հայ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրությանը և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսին, որ «ուղիղ վարդապետությամբ մեզ ուսուցանում է ճշմարտության խոսքը»:
Տեր Օշին քահանա Հայրապետյան»,
««Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. և ձեզանից մեկը սատանա է»։
Հովհ. 6:71
Տասներկուսի մեջ մեկն էր, հիմա քանիսը կլինեն… քիչ-քիչ բացահայտվում են։
Այս քահանաները սրբությունը փոխեցին պղծությամբ, լույսը՝ խավարով, ճշմարտությունը կեղծիքով…: Փորձում եք երկու տիրոջ ծառայել բայց այս պարագայի համար էլ Տերը ասաց. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և
մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չէք կարող
ծառայել Աստծուն և՝ մամոնային» Մատթ. 6:25։
Մնում եմ հարազատ զավակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, հավատարիմ իմ ուխտին և Ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Տեր Վահրամ քահանա Սարգսյան»,
«Վեհափառ Տեր
Հայ Եկեղեցու համեստ սպասավորիս աղոթքով ու զորակցությամբ քաջառողջ ու համբերատար եղեք.
Անփոփոխ եմ...
Իմ խրամատից Հայաստանը չի երևում...
Տեր Կոմիտաս քահանա Տիգրանյան»,
«Ես`Նշան քահանա Պանֆյորովս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին:
Տեր Նշան քահանա Պանֆյորով»,
«Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին:
Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյան».
««Բոլոր այն «հոգևորականները» որոնք փողի դիմաց ծախում են իրենց հոգևոր կոչումը, պարպում են իրենց մարդկությունից և հայությունից, վաճառում են իրենց խաչը նյութի դիմաց, անհամար հայորդիների թափած արյունը՝ պաշտոնի, աթոռի և երկրավոր խոստումների դիմաց և միանում են դավաճանախմբին, որոնք ամբողջ ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՎԱՏՔ և ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ ծախեցին, թող ինքնուրույն դուրս գան իմ բարեկամների շարքից, քանզի եղբայր չեն ինձ, և դավաճան են այս Հայրենիքին, այս ազգին և նրա բոլոր նպատակներին, ոգուն և անցնում են թշնամու շարքերը։
Եթե վերջին հոգևորականն անգամ մնամ, մնալու եմ այս ազգի խոստովանած հավատամքի, նպատակների, մեր նահատակների թափած անգին արյան, մեր պատմական և ներկա Հայրենի հողի և դրա սրբության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և դրա անսասանության կողքին։
Ահա ժամանակն է իմանալու, թե ովքեր են տաք կամ պաղ՝ ըստ Յայտնութեան սրբատառ տողերի, ովքեր են գաղջ կամ անտարբեր այս ազգի արյան համար, և ովքեր են, որ մի քանի դոլարով պատրաստ են ծախելու իրենց էությունը...
Տեր Սերոբ քահանա Ազարյան»։

Русский