«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին իշխող ՔՊ կուսակցությունում իսկական մրցավազք է սկսվել։ Բանն այն է, որ ՔՊ-ականները պետք է շատ ակտիվ աշխատեն իրենց ռեյտինգի վրա, որպեսզի կարողանան կուսակցական 1000 պատվիրակներից ձայներ «հավաքել»։
ՔՊ-ականները տարբեր մարզերում պետք է ՔՊ ակտիվին համոզեն՝ ձայներ տալ իրենց։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար ՔՊ-ականները պետք է 1000-ից մոտ 400–500 ձայն հավաքեն։
Բացի ընդգրկվելուց, ՔՊ-ականները պետք է կարողանան ցուցակում լինել լավ «դիրքերում»՝ առաջատար համարներում, որպեսզի կարողանան իշխանությունում «տեղ» գտնել։ Դրա համար էլ նրանք թեժ պայքարում են իրենց տեղի համար։
Հիշեցնենք, որ երեկ գրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ այս օրերին իշխող ՔՊ կուսակցությունում և վարչությունում թեժ քննարկվում է, թե 2026 թվականի նախընտրական ցուցակը վերջնական հաստատելու համար ինչ կարգ ընտրել, որպեսզի հնարավոր լինի ապահովել արդարություն և մրցակցություն։
Մեր տեղեկությունների համաձայն՝ նախնական որոշված է, որ կրկին ընտրվելու է 1000 պատվիրակ, և երեք օր շարունակ՝ ուղիղ եթերի ռեժիմով, տեղի է ունենալու ներքին ընտրություն։ Այսինքն՝ ՔՊ-ական պատվիրակները գալու են և ուղիղ եթերում ընտրելու են այն անձանց, ովքեր պետք է ձևավորեն ՔՊ-ի՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական ցուցակը։
Քվեարկությամբ կդասավորվեն առաջինից մինչև վերջին համարները, և պատվիրակները կորոշեն, թե որ ՔՊ-ականն է ամենաբարձր վարկանիշ ունեցողը և որ համարի ներքո պետք է մասնակցի ընտրություններին»։
«Հրապարակ»․ թերթը գրում է ․
ՔՊ-ում, ըստ ամենայնի, որոշել են պատգամավոր Հայկ Սարգսյանին ոչ միայն «գծերից գցել»` մերժել պատգամավորական թեկնածության հայտը, այլեւ իրավական գործընթաց սկսել նրա նկատմամբ։ Մենք տեղեկացանք, որ Հովիկ Աղազարյանի գործով դատական վերջին նիստի ժամանակ մեղադրող դատախազը հնչեցրել է նաեւ Հայկ Սարգսյանի անունը, մասնավորապես, ոչխարների վերաբերյալ կաշառքի հայտնի գործով նիստին հեռախոսային խոսակցությունների վերծանություն է ներկայացրել դատարանում, որտեղ ոչ այնքան Աղազարյանի անունն է հիշատակվել, որքան Հայկ Սարգսյանի։
Պարզվում է՝ գործով անցնող Սլավիկ Կարապետյանն իր աներոջ՝ Աշոտիկ Կամավոսյանի հետ հեռախոսազրույցում հիշատակել է Շիշ բռնողի անունը, ասել, որ Սլավիկ Պողոսյանի հետ գնացեք, Սեւանում Աղազարյանի հետ հանդիպեք, ապա հավելել է, որ Շիշ բռնողն էլ է այդտեղ լինելու՝ նախկինում ոչխարների թեմայով ինքն է զբաղվել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հեղափոխության «ոսկե կանոնը» այն է՝ «բացառել խնամի-ծանոթ-բարեկամով աշխատանքի տեղավորելու գործընթացը», սակայն այն խախտվել է վաղուց, երբ, օրինակ, ընտանիքով աշխատում են իշխանական շրջանակներում։
Խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների ժամանակ «կյանք ու մահի» կռիվ տված պատգամավոր Ալխաս Ղազարյանի մասին է։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ ՔՊ-ական պատգամավորի եղբայրը՝ Դավիթ Ղազարյանը, աշխատում է Վարչապետի աշխատակազմում և համակարգում է վերջինիս արարողակարգային հարցերը։
Համաձայն Ալխաս Ղազարյանի հայտարարագրի՝ նրա եղբայրը՝ Դավիթ Աղաբեկի Ղազարյանը, ԱՁ-ի տնօրեն է։
Հետաքրքիրն այն է, որ պատգամավորը հայտարարագրել է 13 անշարժ գույք, սակայն եղբայրը չի հայտարարագրել ո՛չ անշարժ, ո՛չ շարժական գույք։
Դավիթ Ղազարյանի 2024 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ նրա բանկային հաշիվների մնացորդները նվազել են տարեսկզբի նկատմամբ՝ 187 հազար դրամից դառնալով 78 հազար դրամ։
Կանխիկ դրամական միջոցները ավելացել են՝ 620 հազար դրամից դառնալով 1 մլն 125 հազար դրամ։
Ալխաս Ղազարյանի եղբայրը՝ որպես ԱՁ տնօրեն, եկամուտ չի ստացել, սակայն Վարչապետի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 3 մլն 180 հազար դրամ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 125 հազար դրամ։
Նշենք, որ Ալխաս Ղազարյանի տարեկան եկամուտները կազմել են 13 մլն 70 հազար դրամ։
Թեև պատգամավորի համեմատ եղբայրը համեստ եկամուտ և ունեցվածք է հայտարարագրել, այնուամենայնիվ հարց է առաջանում, թե արդյոք պատգամավոր քրոջ գործոնը չկա եղբոր՝ Վարչապետի աշխատակազմում պաշտոն ստանալու հարցում»։
«Հրապարակ»․ թերթը գրում է.
Դեկտեմբերին «Մեր ձեւով» շարժումը հայտարարել էր, որ հունվարին պարզ կլինի, թե ով է լինելու վարչապետի իրենց թեկնածուն: Երեկ շարժումն իր տնտեսական ծրագիրը հրապարակեց, պանելային քննարկում անցկացրեց, եւ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ասուլիս տվեց, սակայն դարձյալ չհրապարակվեց թեկնածուի անունը: Հայտարարվեց, որ փետրվարի 12-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի օրը, կհայտարարեն վարչապետի թեկնածուի անունը: Նարեկ Կարապետյանը հավելեց նաեւ, որ վաղուց են որոշել թեկնածուին։
Անցած ամիսներին խոսակցություններ կային, որ վարչապետի թեկնածուն հնարավոր է լինի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, եւ իշխանական քարոզչամեքենան էլ վայրի արշավ էր սկսել նրա դեմ` սեւ քարոզչություն էին անում, քրեական վարույթներ ծրագրում, սակայն տեղեկություններ ունենք, որ Կարապետյանը չի կարող առաջադրվել` նա վարչապետի թեկնածու առաջադրվելու ցենզին չի համապատասխանում: Մասնավորապես, վերջերս խախտել է մեկ տարվա ընթացքում 6 ամիս ռեզիդենտ լինելու` Հայաստանում ապրելու ցենզը: Ընդ որում, տեւական ժամանակ պահպանել է, իսկ վերջերս՝ գուցե անգամ միտումնավոր խախտել, որ անհաղթահարելի խոչընդոտ ձեւավորի եւ անհնարին դարձնի իր առաջադրումը:
Հիշեցնենք․ միայն ՀՀ քաղաքացի լինելու եւ տարվա առնվազն կեսը (առնվազն 180 օր) Հայաստանում բնակվելու պահանջը պարտադիր է պատգամավորի, վարչապետի թեկնածուի համար։ Այսինքն՝ վերջին 4 տարիների ընթացքում մարդը պետք է տարվա մեջ 6 ամիս բնակված լինի Հայաստանում։ Իսկ Սամվել Կարապետյանը մի քանի երկրի քաղաքացի է եւ կարող է լավագուն դեպքում ավագանու ցուցակում ընդգրկվել։ Ըստ ամենայնի, թեկնածուն կլինի Նարեկ Կարապետյանը, որն արդեն հասցրել է լայն ճանաչում ձեռք բերել եւ հանրության համակրանքը նվաճել։

Русский