Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաեւին Գալացի քաղաքում անօդաչու թռչող սարքի պայթյունից հետո, հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Ցոիուն։
«Ռումինիայի անվտանգությունը մեր բացարձակ առաջնահերթությունն է», - ասել է նա։
Արտգործնախարարն ընդգծել է, որ ռումինական կողմը մտադիր է հայտարարել «Ռուսաստանի Դաշնության անպատասխանատու վարքագծի հետևանքների մասին մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների և եվրոպական մակարդակով պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ հետագա քայլերի մասին»։
Ռումինիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռադու Միրուցան հայտարարել է, որ կործանիչները բարձրացել են օդ և ունեցել են կրակ բացելու թույլտվություն։ Սակայն, Միրուցան բացատրել է, որ անօդաչու թռչող սարքը չի խփվել, քանի որ դրա խափանումը կարող էր ավելի մեծ վնաս հասցնել Գալացի համայնքին։
Նա պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքը Ռումինիայի օդային տարածքում մնացել է չորս րոպե։
Միրուցան նաև հայտարարել է, որ ինքը տեղեկացրել է կառավարությանը և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին միջադեպի մասին։ Նա հայտնել է, որ հեռախոսով խոսել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը, իր հերթին, հայտարարել է, որ Ռուտտեն կապի մեջ է Ռումինիայի իշխանությունների հետ։

Русский