Կահիրեում հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի և Եգիպտոսի հետախուզությունների ղեկավարներ Իբրահիմ Քալընի և Հասան Ռաշիդի, նաև Գազայի հատվածի միջնորդների և երաշխավորների դերում հանդես եկող Կատարի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ ալ Թանիի միջև, գրել է «TRT Haber»-ը։
Նրանք քննարկել են անկլավում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ խաղաղության ծրագրի երկրորդ փուլին անցումը և այս ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացումը՝ Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ։
Կողմերը համաձայնել են շարունակել ամրապնդել քաղաքացիական-ռազմական համակարգման կենտրոնի հետ համակարգումը և համագործակցությունը՝ բոլոր խոչընդոտները վերացնելու և խախտումները կանխելու համար՝ հրադադարի շարունակականությունն ապահովելու նպատակով։
Նոյեմբերի 24-ին Եգիպտոսի հետախուզության տնօրեն Ռաշիդը առանձին հանդիպել էր պաղեստինյան «Համաս» խմբավորման պատվիրակության հետ՝ պլանի երկրորդ փուլի իրականացման հարցը քննարկելու համար: Վերջնական փուլին անցնելու համար իսրայելական կողմը պահանջում է վերադարձնել բոլոր զոհված պատանդների մարմինները:

Русский