Ռուսական մի արտահայտություն կա՝ «արկածներ փնտրել սեփական գլխի (հետույքի) համար»։
Հենց այսպիսի մոտեցմամբ է առաջնորդվում մեր իշխանությունը հայկական գյուղմթերքների շուկայի կառավարման հարցում՝ իր անպատասխանատու ու անհեռատես քայլերով հայ ֆերմերների և գյուղացիների համար փակելով ռուսական ու ԵԱՏՄ շուկաների դռները, իսկ փոխարենն առաջարկելով շուկայի դիվերսիֆիկացման մասին գոնե այս պահին անիրագործելի պլաններ։
Երկար տարիներ հայկական գյուղմթերքի սպառման համար ամենաձեռնտու շուկան եղել է ռուսականը։ Հայ տնտեսվարողը հիմնավորվել ու հարմարվել է այդ շուկայի պահանջներին, կապեր ձեռք բերել, լոգիստիկ ուղղություններ ստեղծել և, ի վերջո, սպառողների շրջանում որոշակի պահանջարկ ձևավորել։ Կարելի է ասել, որ այդ տարիների հսկայական ջանքերը մեկ օրում ի չիք դարձան՝ լուրջ խնդրի ու փաստի առաջ կանգնեցնելով տնտեսվարողներին, որոնց իշխանությունները սկսեցին կերակրել դիվերսիֆիկացման լայն հնարավորությունների մասին փուչ խոստումներով ու հեռանկարներով։
Որպեսզի կառավարությունն այդ պլանի անարդյունավետությունը կոծկի, պետական բյուջեից աջուձախ գումարներ է շռայլում տուժած գյուղացիներին սիրաշահելու և նրանց զայրույթը մեղմելու համար։ Ոչինչ, որ այդ գումարները մսխվում են այլ կարևոր ոլորտների ծախսերը կրճատելու հաշվին։ Օրինակ՝ կառավարության թեթև ձեռքով ժամանակին նպաստ ստացող ու այսօր էլ կարիքավոր շատ ընտանիքներ զրկվել են իրենց նպաստներից, թեև նրանց ընտանեկան բյուջեում առանձնապես որևէ դրական փոփոխություն չի եղել։ Ի դեպ, համատարած կրճատումները միայն ընտրություններից հետո են արվում․ դե, հիմա նպաստառուների քվեի կարիքն իշխանություններն այլևս չունեն։
Եթե որոշ դեպքերում կառավարությունը նպաստների կրճատումը հիմնավորում է թոշակների «աննախադեպ» բարձրացումով, ապա սրընթաց ու շարունակական գնաճի պայմաններում այդ բարձրացած թոշակը վաղուց կորցրել է իր արժեքը։ Սոցիալական ոլորտում խնդիրների պակաս Հայաստանում չկա, բայց բյուջեի գումարները կառավարությունն օգտագործում է իր ակնհայտ ձախողումները կոծկելու համար։ Այդպես հորինեցին ու գործադրեցին գյուղմթերք արտադրողներին ու արտահանողներին իրենց կորուստների համար փոխհատուցումներ վճարելու, ինչպես նաև շուկայի դիվերսիֆիկացման համար սուբսիդավորելու ծրագրերը՝ այլ ուղղություններով հայկական արտադրանքի գնային մրցունակությունն ապահովելու նպատակով։
Այդպես, նախորդ ամսվա համար կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ մրգեր, բանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսական օպերատորներին փոխհատուցում տրամադրել հետևյալ չափերով՝ 770 դրամ՝ ելակի յուրաքանչյուր կիլոգրամի համար, 275 դրամ՝ լոլիկի յուրաքանչյուր կիլոգրամի համար, 400 դրամ՝ պղպեղի յուրաքանչյուր կիլոգրամի համար, և 37 դրամ՝ յուրաքանչյուր ծաղկի համար։
Օրերս էլ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ կառավարությունը հունիս ամսվա համար արտահանողներին կվճարի 3 մլրդ 140 մլն դրամ փոխհատուցում։ «Հիմա տրանսպորտային հարցերն են մնացել, դրա հետ կապված փոխհատուցման ծրագիր ենք այսօր ներկայացրել կառավարություն. կսուբսիդավորենք մեր գյուղմթերք արտահանողներին, որպեսզի նրանք կարողանան մրցունակ գներ առաջարկել եվրոպական շուկային»,- հայտնել է նախարարը՝ հավելելով, որ կառավարությունն այդ աջակցության ծրագրով պատրաստվում է մեծ գումարներ ծախսել, որպեսզի տնտեսվարողները չտուժեն. «Շատ մեծ գումարներով աջակցելու ենք, ամեն ապրանքային ուղղությամբ հաշվել ենք փոխհատուցման ծախսերը։ Օրինակ՝ ծաղկի դեպքում մինչև տարվա վերջ՝ 5.5 միլիոն դոլար, լոլիկի դեպքում՝ 3.5 միլիոն դոլար, 3.5 միլիոն դոլար՝ պղպեղի դեպքում»։
Տրամաբանությունը հուշում է, որ բյուջեից այս վճարումները շարունակական են լինելու, որպեսզի հնարավոր լինի ԵՄ շուկաներում ապահովել հայկական արտադրանքի մրցունակ ներկայացվածությունը, եթե, իհարկե, մեր արտադրանքն այդ շուկաներ արտահանելու միակ խնդիրը դրա գինն է, որի գոյացման մեջ ճանապարհածախսը զգալի ազդեցություն ունի։ Այսինքն՝ պետական բյուջեից հատկացումներ անելու ևս մեկ մշտական ուղղություն է ավելանում՝ ամենայն հավանականությամբ այլ բաշխումների կրճատման հաշվին։
Թերևս իշխանություններն իրենք էլ հասկացան, որ հայկական արտադրանքի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գաղափարով քարը գցեցին իրենց իսկ ոտքին, այլապես այդքան փութաջանորեն չէին վազի Ռուսաստան, չէին մասնակցի ԵԱՏՄ միջոցառումներին ու չէին բանակցի մասնավորապես ռուսական շուկայում մեր արտադրանքի նկատմամբ արգելքներն ու սահմանափակումները վերացնելու շուրջ։ Այլապես Փաշինյանն իրեն բնորոշ «դուխով» կեցվածքով կհոխորտար Ռուսաստանի նախագահի վրա, թե՝ «քո շուկան քեզ պահիր, մենք գնացինք դեպի ԵՄ»։
Բայց Փաշինյանը լավ է հիշում Վլադիմիր Պուտինի նախապայմանը՝ ռուսական շուկան մեզ համար նորից հասանելի դարձնելու համար ՀՀ իշխանությունները պետք է հստակ ընտրություն կատարեն՝ կամ մնում են ԵԱՏՄ շուկայում և ընդհանրապես Մաքսային միության կառույցի կազմում, կամ գնում են դեպի ԵՄ։ Հնարավոր չէ մի ոլորտում համագործակցել Մաքսային միության հետ, իսկ մեկ այլ ոլորտում լինել ԵՄ-ի հավատարիմ գործընկերը, հատկապես այսօրվա աշխարհաղաքական վերադասավորումների պայմաններում։
Հիմա ՀՀ իշխանությունները հայտնվել են երկու քարի արանքում, քանի որ ԵՄ-ն էլ իր հերթին է նրանց վրա ճնշումներ գործադրում, հազարումի խոստումներ տալիս ու կոպեկներ վճարում, որպեսզի խաթարի Ռուսաստանի հետ Հայաստանի ունեցած հարաբերությունները։ Բայց գործնականում Փաշինյանի թիմը տեսնում է, որ այս իրավիճակում ինքն ավելի շատ տուժողի դերում է, քան շահողի։
Թագուհի Ասլանյան

Русский