Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքում ջերմոցը փլուզվել է և քաղաքացին մնացել է փլատակների տակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ։
Փրկարարները ու պարեկները մեծ դժվարությամբ կարողացել են փլատակների տակից դուրս բերել Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Գարիկ Ս․-ին և պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Русский