Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, Ի՞նչ է սպասվում Բիշքեկում. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Փաստ» թերթը գրել է. 

Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսօր նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինը և Փաշինյանը Բիշքեկում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Հայաստանի՝ ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի հարցը: «Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Եվ, իհարկե, հայերն իրենք կորոշեն իրենց ճակատագիրը։ Եվ մենք առաջարկում ենք, որ նրանք հենց դա անեն՝ հանրաքվե անցկացնեն», - լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանյան մեր աղբյուրները նշում են, որ այսօր կայանալիք հանդիպումը, մեղմ ասած, բավական թեժ է ընթանալու: Ըստ տեղեկությունների, այսօր Փաշինյանի առջև կարող է դրվել որոշակի ուլտիմատումային էլեմենտներ պարունակող «փաթեթ», այն է՝ Նիկոլ Փաշինյանին առաջարկվելու է վերջնական որոշում կայացնել. կա՛մ հրապարակային հրաժարվել ԵՄ անդամակցության նպատակներից, կա՛մ տեղում հայտարարել հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Միջանկյալ լուծումներն, ըստ մեր աղբյուրների, ռուսական կողմի համար ընդունելի չեն:

Մեր ունեցած տեղեկություններով, հակառակ դեպքում հետևելու են կոնկրետ քայլեր, որոնք կներկայացվեն Փաշինյանին: Ի մասնավորի, առաջին փուլում նախատեսվում է ՌԴ-ում ապրող ու աշխատող մոտ 170 հազար ՀՀ քաղաքացիների արտաքսում (թե ինչու հենց 170 հազար, մեր աղբյուրները չեն մանրամասնում), հիմնավորապես արգելանք է դրվելու տրանսպորտային բոլոր, այդ թվում և հատկապես՝ օդային հաղորդակցությունների վրա, և այդ արգելանքի զարտուղի շրջանցման նույնիսկ որևէ փորձ խիստ քրեաիրավական հետևանքներ է ունենալու: Արգելանք է դրվելու նաև Ռուսաստանից Հայաստան դրամական տրանսֆերտների վրա: Մյուս փուլով հետևելու են էներգակիրների, մասնավորաբար գազի թանկացումները:

Մի խոսքով, այսօր լուրջ երկընտրանքի առջև է լինելու Նիկոլ Փաշինյանը:

 

«Հրապարակ» թերթը գրում է. Աշնանը 46 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: Հունիսի 7-ի ընտրություններում կասկածելի հաղթանակով դիրքերն ամրապնդած ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ եւ տեղերում իշխանություն վերցնել:

Ընդդիմությունը բազմիցս հայտարարել էր ՏԻՄ աշնանային ընտրություններին մասնակցելու մասին, հատկապես մարտական էր տրամադրված «Ուժեղ Հայաստանը», որը մարզերում բավականին ձայներ է տարել եւ կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել գործող իշխանության համար:

Բայց մենք տեղեկացանք, որ բավականին խոչընդոտներ են ծագել այդ ճանապարհին. Փաշինյանի ծավալած քրեական հետապնդումները, մարդկանց ունեցվածքը խլելու ապօրինի գործընթացները վախեցրել են մարդկանց եւ թեկնածուներ գտնելու դժվարություններ առաջացրել, հատկապես համայնքապետերի թեկնածուներ գտնելն է շատ բարդացել: Մարդիկ չեն հավատում, որ հնարավոր է հաղթել, իսկ հաղթելու դեպքում` բանտում չհայտնվել կամ չզրկվել ունեցվածքից ու աշխատատեղից, ուստի խուսափում են առաջադրվելուց:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության իրավապահ համակարգում աշխատած եւ ներկայումս ՀՀ իրավապահ համակարգում աշխատանքի անցած քննիչներն ու դատախազները փաստի առաջ են կանգնել։

Բանն այն է, որ դատախազությունում և Քննչական կոմիտեում 20 և ավել ժամկետով՝ դատախազ և քննիչ աշխատած քաղաքացիները, ովքեր 2023 թվականի տարահանումից հետո աշխատանքի են անցել ՀՀ Քննչական կոմիտեում կամ դատախազությունում, այդ անձանց աշխատանքային ստաժը հաշվի առնվելով՝ ընդունվել են աշխատանքի և պաշտոնավարում են։ Սակայն այս օրերին հայտնվել են անորոշության մեջ։

Բանն այն է, որ քննիչներն ու դատախազները չգիտեն՝ 20 և ավելի տարի ժամկետով աշխատելու դեպքում թոշակ ստանալու իրավունք ունեն, թե ոչ, Արցախում դատախազ, քննիչ աշխատած տարիների ստաժը հաշվարկվելու է որպես մասնագիտական ստաժ, թե ոչ։

Արձանագրենք, որ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված է, որ մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում դատախազի, քննիչի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, ԽՍՀՄ դատախազության համակարգում դատախազի և քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածը, Հայաստանի Հանրապետությունում և ԽՍՀՄ-ում դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը

Փաստորեն, այս կարգավորման իմաստով հաշվարկման ենթակա է միայն ՀՀ-ում դատախազի, քննիչի մասնագիտական ստաժը։

Այս իրավական կարգավորումների առկայության պայմաններում ինչպե՞ս պետք է կարգավորվի Արցախի դատախազությունում՝ դատախազի և Քննչական կոմիտեում քննիչի երկարամյա մասնագիտական ստաժ ունեցած արցախցի մեր հայրենակիցների սոցիալական երաշխիքները՝ թոշակի իրավունքը, նրանց ստաժը հաշվարկելու նպատակով, ինչ իրավական գործիքակազմ կկիրառվի, քանի որ այդպիսիք եղավ Արցախի ՆԳՆ, ԴԱՀԿ, ԱԱԾ ծառայողների թոշակի իրավունքի ձեռքբերման առթիվ օրենքի մեջ փոփոխություն կատարելու և Կառավարության համապատասխան որոշում ընդունելու տեսքով»։

Send