Հին անեկդոտ կա. «Երկու հոգի հանդիպում են, մեկը մյուսին ասում է՝ չես հարցնում, ոնց եմ։ Նա հարցնում է՝ ո՞նց ես, սա էլ պատասխանում է՝ էհ, մի հարցրու»։ Շատերն են մտածում, թե որտեղից են ծնվում անեկդոտները։ Ասենք՝ իրական կյանքից, բոլոր անեկդոտները ստեղծվում են հենց իրական պատմությունների հիման վրա, ինչպես վերը նշված անեկդոտը, որը շատ նման է Աննա Հակոբյան-ընդդիմություն կարճատև «երկխոսությանը»։
Երեկ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ընտանեկան բռնությունների թեմայով չի բացառում համագործակցությունը Աննա Հակոբյանի հետ։ Շատ սպասելի էր, որ նման հայտարարությունից հետո Աննա Հակոբյանը հնարավոր է այդ թեմայով հանդիպման առաջարկ անի, ինչն էլ տեղի ունեցավ։
Բայց ճիշտ վերը նշված անեկդոտի մոտիվներով՝ ընդդիմությունը մերժեց այդ առաջարկը։ Մինչդեռ հնարավոր համագործակցության ակնարկը դուրս էր եկել հենց իրենցից։ Իրենք նախաձեռնեցին, ստացան առաջարկն ու մերժեցին։ Ինչո՞վ նման չէ տվյալ անեկդոտին։
Իսկ եթե չեն հանդիպելու, ապա ինչպե՞ս են համագործակցելու, մեսինջերով, ոցապով, վայբերով, թե՞ տելեգրամով։
Գուցե Լիլիթ Գալստյանի կողմից նման առաջարկն ընդամենը ՔՊ-ին սիրաշահելու փորձ էր, որպեսզի նրանց կողմից ստանա անհրաժեշտ ձայները՝ հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար։ Ո՞վ գիտե, «անքննելի են» ընդդիմության գործերը։

Русский