Արդեն ուժի մեջ է մտել «ծնողական ժամ» կարգավորումը։
Ի՞նչ է սա նշանակում
Աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը և խնամակալը) կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։
Ինչպե՞ս է գործելու նոր կարգավորումը
Ծնողական ժամը տրամադրվում է հետևյալ ծավալով՝
- Մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 30 րոպե,
- Մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ,
- Մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։
Ինչպե՞ս օգտվել
Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել այն։
Կարևոր է իմանալ
Ծնողական ժամի կիրառման ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը (բացառությամբ պարգևատրման գումարների)։
MediaHub-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր արել՝ հասկանալու, թե ինչ են մտածում նրանք․ արդյո՞ք 30 րոպեն բավարար է ծնողի համար, թե՞ ավելի լավ կլիներ, որ այն ավելի երկար լիներ։
Քաղաքացիների կարծիքները տարբեր են. ոմանք նշում են, որ սա շատ լավ կարգավորում է և բավականին կօգնի ծնողներին առօրյայում։ «Իսկապես լավ որոշում է։ Լավ կլիներ, որ բոլորի համար լիներ 1 ժամ, բայց եթե աշխատանքի վայրը մոտիկ է, ապա լավ տարբերակ է»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Սակայն MediaHub-ի հարցմանն ի պատասխան՝ քաղաքացիների մի մասն էլ ասել են, որ ժամանակը շատ քիչ է, և այդ ընթացքում ոչինչ չեն հասցնի անել։ «Լավ միտք է, լավ են մտածել, բայց ոչ բոլոր աշխատողները կարող են օգտվել այս օրենքից, քանի որ կան աշխատանքներ, որոնցից բացակայելն ուղղակի անհնար է, օրինակ՝ բժշկի դեպքում»,- հայտնեց քաղաքացիներից մեկը։
«Եթե ունես երկու երեխա, 30 րոպեում ի՞նչ պետք է հասցնես։ Միևնույն է, ոչինչ չես հասցնի։ Եթե հնարավոր լինի, օրինակ, այն համատեղել ընդմիջման (lunch-ի) ժամի հետ, ապա կունենաս մոտ 1 ժամ 30 րոպե. այդ դեպքում ամեն ինչ կհասցնես»։
Մեր ընթերցողներից մեկն էլ նկատում է․ «30 րոպեում ծնողն ի՞նչ է հասցնելու անել։ Այս խցանումների պայմաններում չի հասցնի ոչ դպրոց, ոչ էլ մանկապարտեզ հասնել, եթե, իհարկե, նույն թաղամասում չի աշխատում»։

Русский