Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Հայրենիքին դեռ սպասվում են ծանր երևույթներ»․ Դավիթ Բաբայանի ուղերձը Բաքվի բանտից

Blog Image

Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի՝ ադրբեջանական բանտից հղած ուղերձը հետաքրքիր է ոչ միայն իր իրավական բովանդակությամբ, այլև քաղաքական ենթատեքստով։

Բաբայանը փաստացի պնդում է, որ դատավարության ելքը նախապես որոշված էր, իսկ ներկայացված մեղադրանքների զգալի մասը չի հիմնավորվում ապացույցներով։ «Հատկապես ուշագրավ է իշխանությունը տապալելու փորձի վերաբերյալ մեղադրանքը․ Բաբայանը հարցադրում է՝ եթե նման նպատակ իսկապես եղել է, որտե՞ղ են դրա կազմակերպվածության, համախոհների, կապերի և կոնկրետ գործողությունների ապացույցները։ Այս դիտանկյունից նրա ուղերձի հիմնական շեշտադրումներից մեկը մեղադրանքների և ապացույցների միջև անհամապատասխանությունն է։ Բաբայանը նաև պնդում է, որ դատավարության ընթացքում իրենց խոսքերը և փաստերը խեղաթյուրվել կամ թերի են արձանագրվել՝ այդ ամենը որակելով որպես «իրավական ապարտեիդ»»,- MediaHub-ին ասաց Բաբայանի գործընկեր, իրավաբան Անուշ Հայրապետյանը։

Մեր զրուցակիցը նկատում է, որ ուղերձում առանձնահատուկ տեղ ունի նաև միջազգային դատարանների թեման։ Բաբայանն իր ուղերձում փորձում է ներկայիս դատավարությունը ներկայացնել ոչ միայն որպես բանտից ազատվելու պայքար, այլև որպես ապագա միջազգային իրավական գործընթացների համար փաստերի և ապացույցների հավաքագրման փուլ։

«Ուղերձի ամենաուժեղ քաղաքական ձևակերպումը թերևս վերջում է․ «Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։ Սա արդեն ոչ թե իրավական, այլ հոգեբանական ու քաղաքական ուղերձ է։ Բաբայանը փորձում է ցույց տալ, որ բանտարկված լինելը նրանց համար չի նշանակում պարտություն կամ հանձնվել։ Միաժամանակ ուղերձը հասցեագրված է նաև Հայաստանի հասարակությանը՝ Արցախի նախկին ղեկավարների և ընդհանրապես Արցախի թեման պահելով հայկական օրակարգում»։

Հատկանշական է նաև նրա նախազգուշացումը, որ «հայրենիքին դեռ սպասվում են ծանր երևույթներ»։ Բաբայանը չի մանրամասնում, թե ինչի մասին է խոսքը, և հենց այդ անորոշությունն էլ լրացուցիչ հարցեր է առաջացնում։

«Ընդհանուր առմամբ, Բաբայանի ուղերձը կարելի է դիտարկել որպես քաղաքական դիմադրության ուղերձ, որի նպատակն է միաժամանակ կասկածի տակ դնել ադրբեջանական դատավարության արդարությունը, միջազգային ուշադրության ներքո պահել հայ բանտարկյալների հարցը և փոխանցել, որ, իր ձևակերպմամբ, նրանք կարող են լինել բանտում, բայց՝ ոչ «ծնկաչոք»»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Send