2027 թվականի հունվարի 1-ից՝ երեքուկես ամսից, պետական համակարգում աշխատավարձերի հերթական վերանայումն է լինելու. շեշտակի աճելու են պետական պաշտոնյաների, պետական ծառայության պաշտոնյաների, պատգամավորների և պետական ապարատի այլ աշխատակիցների աշխատավարձերը: Այդ նպատակով բյուջեից լրացուցիչ 25 մլրդ դրամ է հատկացվելու։
Նախարարություններում մասնագիտական պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների միջին ամսական աշխատավարձը ներկայում 250-350 հազար դրամի միջակայքում է։ Աշխատավարձերի գործակիցների վերանայման արդյունքում նրանց աշխատավարձը կարող է հասնել 450-500 հազար դրամի։ Բաժնի պետերը, որոնք գործող համակարգում ստանում էին ամսական մինչև 400 հազար դրամ, այս կարգավորումների արդյունքում, իրենց լրավճարների հետ միասին, կարող են ստանալ մինչև 740 հազար դրամ։ Վարչության պետի պաշտոն զբաղեցնող անձինք 520-550 հազար դրամի դիմաց 800-900 հազար դրամ վարձատրություն կստանան։ Համենայն դեպս, նման խոստում է տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նախագծի զեկուցման ժամանակ։
Իշխող թիմն իրենց այս նախաձեռնությունը հիմնավորում է երկու՝ իրենց կարծիքով անվիճարկելի փաստարկով՝ պետական համակարգից կոռուպցիան վերջնականապես արմատախիլ անելու մտահոգությամբ և մասնագիտական ներուժն այդ համակարգ ներգրավելու անհրաժեշտությամբ։
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՔՊ-ական Տարոն Չախոյանը մանրամասնել է, որ բարձրացել են առաջին կարգի մասնագետների և ավագ մասնագետների աշխատավարձերը, ինչից հետո բարձրացվել են բաժնի պետերի ու վարչության պետերի աշխատավարձերը: «Բարձրացել են նախարարների տեղակալների աշխատավարձերը, իսկ այն չի կարող ավելի բարձր լինել, քան նախարարներինն է, հետևաբար բարձրացել է նաև նախարարների աշխատավարձը: Նախարարի աշխատավարձն էլ չի կարող ավելի բարձր լինել, քան պատգամավորինն է, հետևաբար բարձրացել է նաև պատգամավորների աշխատավարձը»,- ասել է նա:
Չախոյանի խոսքով՝ պատգամավորներն ու նախարարները միասին շուրջ 100-120 մարդ են, բայց բարձրացվել է շուրջ 20 հազար պետական աշխատողի աշխատավարձ: ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի՝ Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ պետական ապարատում աշխատավարձերի աննախադեպ բարձրացումը պայմանավորված է նաև պետական համակարգում մրցունակ աշխատավարձերի ապահովմամբ, ինչի արդյունքում այնտեղ կներգրավվեն բարձր կարգի պրոֆեսիոնալներ, և այդպիսով կբարձրանա հանրային ծառայությունների մակարդակն ու որակը։
Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ Հայաստանում 75 հազար դրամ նվազագույն աշխատավարձի պայմաններում բարոյական չէ, որ նախարարները, տեղակալները և ընդհանրապես պետական ապարատի մասնագետները 500 հազար դրամից սկսած բարձր աշխատավարձեր ստանան։ Դա մի կողմից մեծացնում է հանրային-սոցիալական անջրպետը՝ հանրությանը բաժանելով անապահովների և բարեկեցիկ կյանքով ապրողների, մյուս կողմից էլ անհասկանալի է, թե ինչու են պաշտոնյաներն այդքան բարձր աշխատավարձեր ստանում, եթե չեն կարողանում այնպես կառավարել մասնավորապես սոցիալական ոլորտը, որպեսզի ի վերջո հնարավոր լինի պատմական նվազագույնի իջեցնել աղքատության մակարդակը մեր երկրում և իրականում ապահովել մարդկանց բարեկեցությունը, այլ ոչ թե նկարել այն վիճակագրական աղյուսակներում և այդ թեմայով պոպուլիստական դատողություններ անել։
Փաշինյանը հաճախ է արդարացնում իրենց եկամուտները կրկնապատկելու, բազմապատկելու նախաձեռնությունները (աշխատավարձերի բարձրացումներ, պարգևավճարներ, պետական բյուջեի հաշվին ճանապարհորդություններ)՝ ասելով, թե պետական ապարատի պաշտոնյաներն արժանացել են դրան՝ թոշակառուների թոշակները բարձրացնելով և առողջության ապահովագրական համակարգը ներդնելով։ Այսօր էլ Տարոն Չախոյանը հոխորտում էր, թե իրենց կառավարման տարիներին թոշակի չափն առնվազն երեք անգամ վերանայվել է, այնինչ պաշտոնյաների աշխատավարձն այդքան չի բարձրացել։ Ծիծաղելի է պատգամավորի այս համեմատությունը, եթե հաշվի առնենք, որ թոշակը բարձրացել է առավելագույնը 30-40 հազար դրամով, իսկ պաշտոնյաների ու պետական աշխատողների աշխատավարձերը՝ մի քանի հարյուր հազարական դրամներով՝ ընդհուպ մինչև մեկ միլիոն։ Փաստորեն՝ մի քանի տասնյակ դրամով թոշակ բարձրացնող պաշտոնյաների աշխատանքն այդքան գերագնահատվում է մեր իշխանությունների կողմից։
Կամ՝ առողջության ապահովագրման համակարգի ներդրման դիմաց ինչո՞ւ է ոլորտի պաշտոնյաների գումարը բարձրանում, եթե դա իր պարտավորությունն է։ Դա՞ էլ չաներ։ Ի՞նչ է, նրա աշխատավարձը սահմանված է ոչինչ չանելո՞ւ դիմաց, և եթե հանկարծ պաշտոնյան ինչ-որ գործառույթ իրականացրեց, ապա դա պետք է համարվի պարգևատրման կամ աշխատավարձի բարձրացման առի՞թ։ Հանրային ընկալման մեջ, ցավոք, պաշտոններ ստանձնելն ու ոչինչ չանելն այնքան սովորական բան է դարձել, որ եթե որևէ մեկն էլ կամք է ունենում համակարգային որևէ փոփոխություն իրականացնել, նրան մեծարում են, դարձնում պաշտամունքի առարկա, պարգևների ու լրացուցիչ գումարների արժանացնում, ասես իր պաշտոնից ու դրանից բխող պարտավորություններից դուրս և դրանք գերազանցող աշխատանք է կատարել։ Երբ այս ընկալումը կփոխվի, և հասարակությունը պաշտոնյային կընկալի որպես հանրային ծառայող, այն ժամանակ որևէ պաշտոնյա չի կարողանա այս թեմայով մարդկանց մոլորեցնել ու թալանել պետական բյուջեն, որն իրականում պետք է ծառայեցվի պետության ու ժողովրդի կարիքների համար, ոչ թե պաշտոն ունեցող անձանց խնդիրները հոգալու։
Բացի դա, պետական պաշտոններում և ապարատում մասնագետներ ներգրավելու համար աշխատավարձեր բարձրացնելու պատրվակն այս իշխանությունների դեպքում համոզիչ չէ, քանի որ Փաշինյանն ինքն է փաստել, որ իր պաշտոնյաներն այնքան արհեստավարժ ու գիտակ չեն, որ յոթ-ութ տարի մնացել են զրո դասարանում, որ սովորելու, աճելու և իրենց գործում հմտանալու զրո նախաձեռնություն են ցուցաբերում. հետևաբար՝ այդ որակի պաշտոնյայի աշխատավարձը բարձրացնելու նախաձեռնությունը բոլորովին արդարացված չէ։ Եվ հետո, գաղտնիք չէ, որ պաշտոններում սովորաբար նշանակվում են ոչ թե ըստ մտավոր կարողությունների ու հմտությունների, այլ ՔՊ-ի գաղափարներն աներկբա կիսելու և հլու-հնազանդ՝ մեկ հոգու կամքին ենթարկվելու պատրաստակամության հաշվին։ Այսպիսի դասավորվածությամբ ստացվում է, որ բարձր աշխատավարձն ավելի շատ որպես կաշառք է տրվում, որպեսզի Փաշինյանի ենթականերն ավելի պարտավորված զգան նրա կամքն ու թելադրանքը կատարելու գործում։ Թե չէ՝ ո՞վ է խելագարվել այսօրվա պետական ապարատի՝ «զրո դասարանցու» մտավոր կարողություններ ունեցող պաշտոնյաներին մասնավոր ոլորտում անհամեմատ բարձր աշխատավարձով աշխատանք առաջարկի։ Իսկ իրեն կամակատար պաշտոնյա Փաշինյանն ինչքան ուզես կգտնի իր պահեստային ռեսուրսներից։
Որպես ամփոփում՝ նշենք, որ համատարած թանկացումների և կյանքի դժվարությունների պայմաններում ՔՊ-ական թիմը հոգ է տանում միայն սեփական կարողությունները բազմապատկելու մասին։ Նրանց իշխանության գալուց ի վեր, այո՛, բարձրացվել է թոշակների ու նպաստների չափը, մեկ անգամ վերանայվել է նվազագույն աշխատավարձի չափը՝ հասցվելով 75 հազար դրամի, մի քանի անգամ բարձրացել են պետական աշխատողների աշխատավարձերը։ Բայց Հայաստանում այսօր պետական աշխատողների թիվն ընդհանուր աշխատողների միայն 27 տոկոսն է կազմում, իսկ մասնավոր հատվածում աշխատավարձերի բարձրացումը գործատուների խղճին է, և մեծ մասի աշխատավարձերը մնացել են նախափաշինյանական մակարդակին (մասնավոր հատվածի գրանցված աշխատողների թիվը 605 հազար 390 է, պետական հատվածինը՝ 223 հազար 841)։ Ստացվում է, որ այս իշխանությունները միայն պետական հատվածի իշխանություններ են և միայն նրանց մասին են հոգ տանում՝ անհաղորդ մնալով մասնավոր հատվածում աշխատողների ճակատագրին, քանի որ տարիներ շարունակ չվերանայված աշխատավարձերն անսանձելի գնաճի պայմաններում բազմաթիվ ընտանիքների կանգնեցրել են սոցիալական լուրջ խնդիրների առաջ, և աշխատող աղքատների թիվն այսօր անհամեմատ մեծացել է։
Եվ եթե Տարոն Չախոյանն արդարացնում է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումն այն բանով, թե պաշտոնյան այնքան գումար պետք է ստանա, որ իր կարիքները հոգալու մասին չմտահոգվի և ստիպված կոռուպցիոն գործարքների մեջ չմտնի, ապա նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի շարքային բանվորի հանդեպ, քանի որ նրա աշխատանքի արդյունավետությունից կարող է կախված լինել այն շենքի որակը, որում, օրինակ, կարող է ապրել այդ պաշտոնյան։ Կամ բժշկի աշխատանքը, որի ձեռքի տակ կարող է հայտնվել այդ պաշտոնյան, բայց բժիշկը, մտահոգված իր սոցիալական խնդիրներով, չկարողանա կենտրոնանալ վիրահատության վրա, և դա պաշտոնյայի համար ճակատագրական դառնա։ Կամ էլ բժիշկը հրաժարվի վիրահատությունից՝ լրացուցիչ գումարներ պահանջելով հիվանդից։
Թագուհի Ասլանյան

Русский