Վերջին տարիներին երիտասարդների հոգեկան առողջության մասին ավելի հաճախ է խոսվում։ Ապագայի անորոշությունը, սոցիալական ցանցերում ուրիշների կյանքի հետ համեմատությունը, ծնողների սպասելիքները և ֆինանսական անկախության հասնելու դժվարությունները կարող են լրացուցիչ հոգեբանական ծանրաբեռնվածություն ստեղծել երիտասարդների համար։ Բայց որո՞նք են նրանց շրջանում ամենատարածված հոգեբանական խնդիրները, ինչո՞վ է պայմանավորված դրանց առաջացումը, և ե՞րբ է անհրաժեշտ դիմել մասնագետի օգնությանը։
Հոգեբան Անահիտ Հայկազունու խոսքով՝ երիտասարդների շրջանում ամենատարածված հոգեբանական խնդիրներից են տագնապային խնդիրները, սթրեսի հետ կապված խանգարումներն ու դեպրեսիվ դրսևորումները, որոնց շարքում առավել հաճախ հանդիպում են տագնապային խնդիրները։
«Երիտասարդներն այսօր բախվում են տարբեր մարտահրավերների։ Նրանք երբեմն դժվարանում են հաղթահարել սթրեսը՝ կապված ապագայի անորոշության և նախորդ սերնդի ակնկալիքներին համապատասխանելու հետ։ Այստեղ կարևոր է նաև սոցիալական ցանցերի ազդեցությունը, քանի որ երիտասարդները հաճախ համեմատում են իրենց կյանքն ուրիշների կյանքի հետ, ինչն էլ կարող է դժգոհություն առաջացնել սեփական անձի նկատմամբ»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց հոգեբան Անահիտ Հայկազունին։
Մասնագետի դիտարկմամբ՝ սոցիալական ցանցերում ուրիշների հաջողություններին և ձեռքբերումներին հետևելը կարող է երիտասարդների շրջանում սեփական անձի նկատմամբ դժգոհություն առաջացնել։ Բացի այդ, հոգեբանական զարգացման վրա մեծ ազդեցություն ունեն ընտանիքը, դպրոցը և այն միջավայրը, որտեղ երեխան մեծանում է։
Երիտասարդների հոգեբանական կայունության հարցում կարևոր է նաև ծնողների դերը։ Լավ սովորելու, հաջողության հասնելու և ապագայում կայացած մարդ դառնալու ակնկալիքները կարող են լրացուցիչ ճնշում դառնալ, հատկապես երբ երիտասարդը փորձում է միաժամանակ բավարարել ընտանիքի և հասարակության պահանջները։
Հոգեբանի խոսքով՝ ծնողների հուզական աջակցությունը կարևոր է նաև այն ժամանակ, երբ երեխան արդեն երիտասարդ է, սակայն չափից ավելի ներգրավվածությունը կարող է խոչընդոտել ինքնուրույնության ձևավորմանը։
«Ինքնուրույնությունը պետք է զարգացնել դեռևս փոքր տարիքից։ Երեխան յուրաքանչյուր տարիքային փուլում պետք է հնարավորություն ունենա փորձելու, սխալվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու։ Հաճախ ծնողները որոշակի հնարավորություններ տալիս են երեխաներին, բայց միևնույն ժամանակ շատ բան անում են նրանց փոխարեն։ Հետագայում, երբ սկսում են ավելի մեծ պատասխանատվություն պահանջել, երիտասարդը կարող է դժվարանալ ինքնուրույն լուծել խնդիրները, քանի որ նախկինում նման փորձառություն չի ունեցել»,– ասաց մասնագետը։
Հոգեբանական խնդիրները հաղթահարելու հարցում կարևոր է ոչ միայն ընտանիքի, այլև կրթական միջավայրի դերը։ Երեխաները մեծանում են ոչ միայն ընտանիքում, այլև դպրոցում, մանկապարտեզում և այլ սոցիալական միջավայրերում, որտեղ ձևավորվում են նրանց հուզական ու հաղորդակցման հմտությունները։
Հոգեբանի համոզմամբ՝ կարևոր է, որ երեխան դեռ փոքր տարիքից սովորի ճանաչել իր զգացմունքները, հասկանա՝ երբ է տագնապ ապրում, և անհրաժեշտության դեպքում կարողանա դիմել օգնության։
«Այսօր հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկվածությունն ավելի բարձր է, քան նախկինում։ Սակայն միայն իմանալը, թե ինչ է տագնապը կամ դեպրեսիան, բավարար չէ։ Կարևոր է նաև հասկանալ՝ ինչ անել այդ զգացողությունների հետ և ինչպես հաղթահարել դրանք։ Դպրոցը կարող է մեծ դեր ունենալ այս հարցում՝ օգնելով երեխաներին և երիտասարդներին հասկանալ, թե ում կարող են դիմել դժվարությունների դեպքում»,– նշեց հոգեբանը։
Մասնագետի խոսքով՝ տագնապը բնական զգացողություն է, սակայն խնդիր է դառնում այն ժամանակ, երբ սկսում է բացասաբար ազդել մարդու կյանքի որակի, աշխատունակության, կրթական գործունեության և առօրյայի վրա։
Հոգեբանական խնդիրների մասին իրազեկվածության բարձրացմանը զուգահեռ կարևոր է նաև հասկանալ, թե երբ է անհրաժեշտ մասնագիտական օգնություն ստանալ։ Եթե տագնապը դժվար է կառավարել, և այն խանգարում է բնականոն կյանքին, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այդ վիճակին և, ըստ անհրաժեշտության, դիմել մասնագետի։
Հոգեբանի խոսքով՝ այսօր հանդիպում են նաև դեպքեր, երբ երիտասարդներն իրենք են ծնողներին դիմում հոգեբանի ծառայություններից օգտվելու խնդրանքով։ Սա ցույց է տալիս մասնագիտական աջակցության անհրաժեշտությունը գիտակցելու կարևորությունը։
Երիտասարդների հոգեկան առողջության պահպանման համար կարևոր է այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ նրանք կարող են ազատ արտահայտել իրենց զգացմունքները, խոսել դժվարությունների մասին և անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրել՝ առանց ամաչելու կամ դատապարտվելու վախի։
Ալիտա Եղիազարյան

Русский