Կյանքի ընթացքում կանոնավոր մտավոր գործունեությունը կարող է կապված լինել Ալցհեյմերի հիվանդության և հետագայում ճանաչողական խանգարումների զարգացման ավելի ցածր ռիսկի հետ։
Հետազոտություն է հրապարակվել «Նեւրոլոջի» ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 1939 մարդ՝ միջին 80 տարեկան, որոնց հետևել են ութ տարի։ Հետազոտողները գնահատել են մասնակիցների մտավոր ակտիվությունը մանկության, միջին և ծերության տարիներին՝ գրքեր կարդալուց և լեզուներ սովորելուց մինչև գրադարաններ այցելելը, պարբերաբար գրելը և խաղեր խաղալը։ Հետազոտության ընթացքում 551 մարդու մոտ զարգացել է Ալցհայմերի հիվանդություն, իսկ 719-ի մոտ՝ թեթև ճանաչողական խանգարում։
Համեմատությունը ցույց է տվել, որ մտավոր ակտիվության ամենաբարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ Ալցհեյմերի հիվանդության զարգացման 38 տոկոսով ցածր ռիսկ և թեթև ճանաչողական խանգարման 36 տոկոսով ցածր ռիսկ կա՝ համեմատած նվազագույն մտավոր ակտիվություն ունեցողների հետ։ Ավելին, հիվանդության սկիզբը միջինում հինգ տարով ուշացել է, իսկ ճանաչողական խանգարումները ի հայտ են եկել մոտավորապես յոթ տարի անց։
Հեղինակների խոսքով՝ կյանքի ընթացքում բազմազան մտավոր գործունեությունը կարող է օգնել պահպանել հիշողությունն ու մտածողությունը, նույնիսկ ուղեղի ծերացմանը զուգընթաց։ Գիտնականները նաև նշել են, որ կրթական և մշակութային ծրագրերի աջակցությունը կարող է լինել ապագայում դեմենցիայի կանխարգելման միջոցներից մեկը։

Русский