Համաշխարհային օվկիանոսում տարվա այս եղանակի համար աննախադեպ բարձր ջերմաստիճան է գրանցվել՝ գերազանցելով հունիսյան բոլոր ժամանակների ռեկորդը։ Այս երևույթը մտահոգիչ հետևանքներ կարող է ունենալ համաշխարհային եղանակային պայմանների և ծովային կյանքի համար։ Այս մասին գրում է CNN-ը։
Եվրոպայի «Կոպեռնիկուս» կլիմայի փոփոխության ծառայության տվյալների համաձայն՝ հունիսի 21-ին ծովի մակերևույթի միջին համաշխարհային ջերմաստիճանը հասել է 20.86 աստիճան Ցելսիուսի՝ գերազանցելով 2024 թվականին սահմանված հունիսյան ռեկորդը։ Ծառայության տվյալները հիմնված են արբանյակներից և նավերից ստացված դիտարկումների համադրման վրա։
Մասնագետների գնահատմամբ՝ անոմալ շոգը պայմանավորված է Էլ Նինյո բնական կլիմայական երևույթով, որը բնութագրվում է հասարակածային արևադարձային Խաղաղ օվկիանոսի երկայնքով անսովոր տաք ջրերով։ Էլ Նինյոն նոր է սկսվել, սակայն այն կարող է սաստկանալ և դառնալ վերջին տասնամյակների ամենաուժեղներից մեկը։
Միաժամանակ, այս գործընթացի վրա ազդեցություն է ունենում նաև մարդածին կլիմայական ճգնաժամը, որը շարունակում է բարձրացնել գլոբալ ջերմաստիճանը։ Տասնամյակներ շարունակ օվկիանոսները եղել են մոլորակի հիմնական ջերմային կլանիչը՝ կլանելով մարդկանց կողմից բրածո վառելիքի այրման հետևանքով առաջացած ավելորդ ջերմության շուրջ 90 տոկոսը։
«Ծովի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացումը անսպասելի չէր, սակայն տաքացման այն տեմպը, որը մենք այժմ տեսնում ենք, մտահոգիչ է»,- նշել է Բրիտանական Անտարկտիդայի հետազոտության օվկիանոսագետ Մայքլ Մերեդիթը։
Դեռևս պարզ չէ՝ հունիսյան այս աննախադեպ շոգը ժամանակավո՞ր երևույթ է, թե՞ առաջիկա ավելի լայնածավալ փոփոխությունների նախանշան։ Այդուհանդերձ, մասնագետները լուրջ մտահոգություն են հայտնում։
Մասնագետների խոսքով՝ օվկիանոսներում տեղի ունեցող փոփոխությունները զգալի ազդեցություն ունեն գլոբալ եղանակային օրինաչափությունների վրա։ Ավելի տաք օվկիանոսները նպաստում են օդի տաքացմանը՝ ուժեղացնելով ջերմային ալիքները, ակտիվացնում են փոթորիկները՝ դրանք դարձնելով ավելի ուժգին, ինչպես նաև մեծացնում են գոլորշիացման մակարդակը, ինչի հետևանքով աճում է առատ տեղումների և ջրհեղեղների հավանականությունը։
Բացի այդ, օվկիանոսի տաքացումը կարող է հանգեցնել մարջանային խութերի զանգվածային սպիտակեցման, ծովային կենդանական աշխարհի կորստի և ծովի մակարդակի հետագա բարձրացման։

Русский