Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է պետական սեփականություն հանդիսացած «ԱՐԿՌՈՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի օտարման գործընթացը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2003 թվականին «ԱՐԿՌՈՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասն անցել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը՝ ի դեմս Պաշտպանության նախարարության (շուկայի տարածքում ներկայում գտնվում է «ՄԵԳԱՄՈԼ» առևտրի կենտրոնը)։
Պետական սեփականություն դարձած «ԱՐԿՌՈՍ» ՍՊ ընկերությանը պատկանել է «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը, որը 1999 թվականին Ընկերության կողմից ձեռք է բերվել 282 միլիոն 452 հազար դրամով։
Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ, առանց սահմանված կարգով իրականացված գնահատման՝ Կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի թիվ 889-Ա որոշմամբ, թույլատրվել է պետական սեփականություն հանդիսացող «ԱՐԿՌՈՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասն ուղղակի վաճառքի եղանակով օտարել ֆիզիկական անձին՝ վաճառքի գինը սահմանելով 303 հազար ԱՄՆ դոլարին համարժեք` 160 միլիոն 562 հազար 730 դրամ։ Մինչդեռ որոշման ընդունումից շուրջ 7 ամիս առաջ՝ կատարողական վարույթի շրջանակներում, ընկերության 100% բաժնեմասը գնահատվել է 306 միլիոն 346 հազար 630 դրամ, ինչը հայտնի է եղել նաև որոշման նախագծի քննարկման ընթացքում։ Ավելին, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից առաջարկվել է բաժնեմասն ուղղակի վաճառքի փոխարեն օտարել աճուրդային եղանակով, սակայն այդ առաջարկությունը չի ընդունվել։
Չնայած վերոնշյալին՝ 2004 թվականի հուլիսի 14-ին «ԱՐԿՌՈՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասն օտարվել է 303 հազար ԱՄՆ դոլարով (գնահատված արժեքից 145 միլիոն 783 հազար 900 դրամով էժան):
Դատախազը, պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Զինվորական դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվել իրավասու դատարան, որն ընդունվել է վարույթ։
ՀՀ դատախազություն

Русский