Արհեստական բանականությունը վերծանել է ֆրանսիական կայսր Նապոլեոն Բոնապարտի՝ գեներալ Օգյուստ դե Մարմոնին ուղղված նամակը, որը 217 տարի շարունակ գաղտնիք էր մնացել։
SentinelOne ընկերության ինժեներ Քարթեր Չըրչն այդ խնդիրը լուծելու համար օգտագործել է OpenAI ընկերության «GPT-6 Astra» մոդելը, գրել է «The Telegraph»-ը
Մոդելից վեց ժամ է պահանջվել 1809 թվականին ուղարկված ուղերձն ընթերցելու համար։ Նամակը պարունակում է մանրամասներ Ֆրանսիայի և Հաբսբուրգների կայսրության միջև պատերազմի նախօրեին ֆրանսիական և ավստրիական զորքերի տեղաշարժերի վերաբերյալ։
1809 թվականին Նապոլեոնի խորթ որդին՝ Էժենը, կայսրի անունից այս գաղտնագրված նամակն ուղարկել էր գեներալ Օգյուստ դե Մարմոնին, որը տեղակայված էր եղել ներկայիս Խորվաթիայի տարածքում։ Հաբսբուրգները պատրաստվել էին պատերազմի Ֆրանսիայի դեմ և ձգտել էին հետ վերադարձնել նախկինում կորցրած տարածքները։
Ուղերձը բաղկացած է եղել 1300 նիշից՝ տառերի և հնացած բառերի խառնուրդից։ Գաղտնագրման բանալին կորել էր, և ավելի քան երկու դար ոչ ոք չէր կարողացել կարդալ այն. նախկինում կրիպտոգրաֆներին հաջողվել էր վերծանել նամակի ընդամենը 33 նիշ։
Ամերիկյան կիբերանվտանգության SentinelOne ընկերության ինժեներ Քարթեր Չըրչը որոշել է ստանձնել այն վերծանելու մարտահրավերը։ Թեև նա նախկինում երբեք գաղտնագիր չէր կոտրել, որոշել է փորձել՝ տեսնելով, թե ինչպես է արհեստական բանականության մոդելը հաջողությամբ վերծանում գերմանական բանակի՝ 1941 թվականի ուղերձը։ Այս խնդրի համար նա կիրառել է OpenAI-ի «GPT-6 Astra»-ն՝ ChatGPT-ի հիմքում ընկած արհեստական բանականության տեխնոլոգիայի առաջադեմ տարբերակը։

Русский