ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին» միանալու հրավեր ստացած երկրների մեծ մասը հրաժարվել է մասնակցությունից, գրել է «The Financial Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խորհուրդ հրավիրելու որոշումը սրել է ԱՄՆ նախագահի նախաձեռնության վերաբերյալ առկա մտահոգությունները։
FT-ն հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է մասնակցել նոր խորհրդին՝ նշելով դրա իրավասության վերաբերյալ մտահոգությունները։ Գերմանիան, իր հերթին, հայտարարել է, որ կմիանա «Խաղաղության խորհրդին» միայն այն դեպքում, եթե դրա գործունեությունը լիովին համատեղելի լինի գործող միջազգային իրավական նորմերի հետ։
Մեկ օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ «դժվար է պատկերացնել», որ Ռուսաստանն ու Բելառուսը համագործակցեն Ուկրաինայի հետ «Խաղաղության խորհրդի» շրջանակներում։ Սակայն Ուկրաինայի առաջնորդը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կհամաձայնվի միանալ խորհրդին։

Русский