Գորիսի պետական քոլեջում իրավիճակը նոր թափ է առել։
MediaHub-ը տեղեկացավ, որ Գորիսի պետական քոլեջի նախաձեռնող խումբը դիմել է դատարան, քանի որ կարծում են՝ ԿԳՄՍ-ն թաքցնում է նոր տնօրենի պաշտոնակատարի հավաստագրի հիմքերը։
Քոլեջը մի քանի անգամ գրավոր հարցում էր ուղարկել նախարարություն և պահանջել տվյալ անձնավորության՝ ս․թ․ սեպտեմբերի 16-ին հանձնած հավաստագրման քննության երկրորդ մասի՝ հարցազրույցի կամ բանավոր քննության ձայնագրությունը, արձանագրությունը, գնահատման թերթիկները, հանձնաժողովի որոշումը՝ համապատասխան հիմքերով։
ԿԳՄՍ նախարարը երկու անգամ մերժել է տեղեկատվությունըփնտրողների դիմումը։ Մերժման հիմնական պատճառ է նշվել «անձնական տվյալներ» տրամադրելու անկարելիությունը։
Նախաձեռնող խումբը հայտնել էր, որ փնտրվող տեղեկատվությունը Ժաննա Անդրեասյանից չստանալու պարագայում ստիպված կլինի դատարանի օգնությամբ ստանալ նորանշանակի հարցազրույցի հիմքերը։ Քանի որ հարցմանը պատասխան չի եղել, նախաձեռնող խումբը դիմել է դատարան։
MediaHub-ի հետ զրույցում Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանը հաստատեց տեղեկությունը, ինչպես նաև հավելեց, որ դիմել է Վարչական դատարան։
«Ես ակնկալում եմ, որ դատարանը նախարարությանը կպարտավորեցնի, որ անձական գործը տրամադրեն մեզ»,- ասաց Լազարյանը՝ պատասխանելով ճշտող հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեն դատական իշխանությունից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնից ազատել է Կարեն Լազարյանին, որից հետո դասախոսական կազմը բողոքի ակցիա էր կազմակերպել, որպեսզի տնօրենի պաշտոնը չլքի Լազարյանը, սակայն ապարդյուն, ԿԳՄՍ-ն չի զիջում իր դիրքերը։
Էմմա Մարտիրոսյան

Русский