Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կարմիր գծերի գումարները հետ կստանա՞ն քաղաքացիները

Blog Image

Ինչպես գիտեք՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար գործում էր մեկ միասնական վճար։ Սակայն 2023 թվականի տարեվերջին ընդունված Երևանի ավագանու որոշմամբ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։

Այս փոփոխությամբ կարմիր գծերի «Ա» գոտում մեկ տարվա կայանման վճարը նախկին 12 հազար դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 հազար դրամ։ Շեշտակի բարձրացան նաև ժամային, շաբաթական և ամսական կայանման վճարները։ Օրինակ՝ եթե նախկինում մեկ ժամ կայանելու համար վճարվում էր 100 դրամ, ապա 2024 թվականի հունվարի 1-ից «Ա» գոտու համար սահմանվեց 300 դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ 200 դրամ։

Կայանման վճարների վերաբերյալ 2025 թվականին կայացված Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ վարչական դատարանը թողել է անփոփոխ։ Երևանի ավագանին 2026 թվականի հունվարի 13-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը ապրիլի 3-ին մերժել է այն վարույթ ընդունելը։ Այսպիսով, Վարչական դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ։

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Կարմիր գծերի թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, հաղթանակով։ Վճռաբեկ դատարանը մերժեց Երևանի ավագանու կառավարող ուժի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունել։ Այլևս անբեկանելի փաստ է, որ 2025 թվականին Երևանի քաղաքապետարանը և իշխող քաղաքական ուժը ոչ իրավաչափ կերպով են թանկացրել ավտոկայանատեղիների՝ կարմիր և կապույտ գծերի վճարները՝ հակաիրավական ճանապարհով գանձելով հսկայական գումարներ։ Ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում քաղաքացիների կրած վնասները օրենքով սահմանված կարգով ենթակա են փոխհատուցման»։

Բայց արդյո՞ք քաղաքացիները իսկապես կարող են պահանջել փոխհատուցում, և ի՞նչ դիրքորոշում ունի քաղաքապետարանը։

MediaHub-ի հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են, որ Վարչական դատարանի՝ ՎԴ/0796/05/25 վարչական գործով 2025 թվականի մայիսի 23-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը բավարարվել է մասնակի։ Դատարանը Երևանի ավագանու՝ 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 265-Ն որոշման որոշ դրույթներ ճանաչել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող օրենքներին հակասող և անվավեր։

Միաժամանակ դատարանը մերժել է վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջը։ Քաղաքապետարանի մեկնաբանությամբ՝ սա նշանակում է, որ մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը սահմանված և գանձված տեղական վճարների վերադարձի կամ վնասների փոխհատուցման հարցը տվյալ վճռով ինքնաբերաբար չի լուծվում և առանձին քննարկման առարկա է։

Send